«Маугли-ի» Տաբակի շակալն ու Անդրիաս Ղուկասյանը
Քաղաքական «լուզերներն» ամենից շատ հիշեցնում են «Маугли» մուլտֆիլմի Տաբակի շակալին: Ինչ կապ կարող է լինել շակալի և, օրինակ, Անդրիաս Ղուկասյանի միջև:
Ինչպես հիշում ենք՝ շակալը մուլտֆիլմի մեջ չուներ անհատականություն, նա այստեղից այնտեղ էր գնում, այս կամ այն կենդանու համար հաճոյախոսում, ուրախանում ուրիշների պարտությունով, թեպետ երբեք ինքը հաղթանակ չէր ունեցել:
Նույնը քաղաքական դաշտում է: Տարբեր գործընթացներ նախաձեռնած և տանուլ տված գործիչներից շատերը սկսում են դիտորդի դերում մեկնաբանել քաղաքական մեծ գործընթացները՝ դրանց մաս կազմելու ոչ մի հույս չունենալով:
Դիցուք՝ Անդրիաս Ղուկասյանը: Վերջինս հայտնի է իր անհետևանք, ոչ ոքի չհետաքրքրող հացադուլերով: Վերջին ժամանակներում Անդրիասը գրանցեց միանգամից երկու պարտություն: Սկզբում Անդրիասը երկու-երեք հոգու հետ համակարգում էր «Ոտքի Հայաստան» շարժումը, որն ի սկզբանե պսակված էր անհաջողությամբ, որից հետո սահմանադրական հանրաքվեի դեմ հանդես եկող ուժերից մեկի համակարգող խորհրդից էր: Ինչպես հիշում ենք, երկու շարժումներն էլ գրանցեցին «փայլուն» պարտություն:
Հիմա Անդրիասը հայտնվել է Տաբակիի դերում: Հետևում է գործընթացներին կողքից, առանց որևէ մասնակցության, սիրողական մակարդակի, անում է որոշակի մեկնաբանություններ, ուրախանում ուրիշի պարտությունով և այլն: Վերջինիս ուշադրությանն է արժանացել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը: Անդրիասն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ փորձել է վերլուծել ստեղծված իրավիճակն ու որոշակի ցուցումներ է տվել ՀՅԴ-ին առ այն, թե ինչպես անել և ինչ պորտֆելներ վերցնել, որտեղ գնալ, ինչ ասել և այլն:
Ցանկանում եմ ուղղակի ասել նրան, որ, հարգելի՛ Անդրիաս, ինչ-որ ցուցումների փոխարեն լավ կլինի՝ մտածես սեփական պարտությունների մասին:
Դուք պարտվեցիք, չկարողացաք ինչ-որ քայլեր ձեռնարկել, չկարողացաք մարդիկ հավաքել ձեր շուրջը, գոնե մի շարժում հաջողացնել, հիմա էլ կանգնել, հեռվից հեռու խելք ու խրատ եք տալիս Դաշնակցությանը:
Հարգելի՛ Անդրիաս, երբ կգա քո վախտը, երբ դու կլինես ՀՅԴ-ի տեղում, այդ ժամանակ կվերլուծես ու անպայման կանես այն ամենը, ինչ այսօր խորհուրդ ես տալիս Դաշնակցությանը: Կարիք կա՞ անտեղի և ավելորդ ակտիվություն ցուցաբերել։