Վրաստանից Ադրբեջան մանր և խոշոր եղջերավոր անասունների, մսի և մսամթերքի ներկրումը ժամանակավորապես դադարեցվում է: Ադրբեջանական կողմը պաշտոնապես արգելել է վրացական մսի ներկրումը՝ պատճառաբանելով, որ դա պայմանավորված է Վրաստանում մանր և խոշոր անասունների մոտ ինչ-որ վտանգավոր վիրուսի տարածմամբ: Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե որքան ժամանակ է այդ արգելքը գործելու: Հետաքրքրականն այն է, որ Վրաստանում կամ, ասենք, լրատվամիջոցներում նմանատիպ վիրուսի տարածման մասին խոսք չկա:
Չի բացառվում, որ վերոնշյալ արգելքը կապված լինի պաշտոնական Թբիլիսիի կողմից էներգետիկ ոլորտում այլընտրանքներ փնտրելու իրողության հետ: Գուցե նման կերպով Բաքուն իր վերաբերմունքն է արտահայտում Վրաստանի կառավարության և ռուսական «Գազպրոմի» միջև ընթացող բանակցությունների և համագործակցության առնչությամբ:
Ի դեպ, մանր և խոշոր եղջերավոր անասունների, նաև դրանց մսի արտահանման ծավալներով Ադրբեջանը Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, թեև վերջին տարիներին արտահանման թվերը նվազել են գրեթե կիսով չափ, որի պատճառն Ուկրաինայից և Ղազախստանից ավելի մատչելի գներով Ադրբեջան մսամթերք ներկրելու փաստն է:
Այդուհանդերձ, վերոնշյալ արգելքը մեծապես կվնասի վրացի գյուղացուն, ինչպես նաև այդ ոլորտում ներգրավված արտադրողներին: