Հայոց բանակի կազմավորումն առանցքային դեր ունեցավ նորանկախ Հայաստանի զարգացման առաջին իսկ տարիներին:
Դա փորձությունների ժամանակաշրջան էր, երբ մեր ազգային անվտանգության թիվ մեկ երաշխավորը կարող էր դառնալ մարտունակ բանակը:
1992 թվականի հունվարի 28-ից անցել է 24 տարի, և մենք հպարտությամբ փաստում ենք, որ ձևավորել ենք բանակ, որը համապատասխանում է ռազմական բոլոր չափորոշիչներին և պատրաստ է ցանկացած պահի արժանի հակահարված տալ մեր սահմանների անառիկությունը խախտելու յուրաքանչյուր փորձին։
Երբ մենք այժմ կարողանում ենք զարգացնել սեփական տնտեսությունը, երբ հայն իր օջախում կարողանում է աշխատել ու արարել, դա միայն հնարավոր է անել անառիկ սահմանների առկայությամբ, երբ վստահ ես, որ սահմանին կանգնած մեր տղաները սեփական կյանքով են պատրաստ պաշտպանել հայրենի սահմանները:
2015 թվականին թշնամին խախտեց ձեռքբերված միջազգային պայմանավորվածությունները և մի շարք ռազմական գործողություններ իրականացրեց, որոնց արդյունքում, ցավով եմ նշում, մենք ունեցանք մարդկային կորուստներ, բայց դրան զուգահեռ յուրաքանչյուր ոտնձգություն՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, ստացավ արժանի հակահարված, և պատժիչ ու կանխարգելիչ գործողություններից հետո թշնամուն կրկին ցույց տրվեց իր անկյունը:
Սա է մեր տեսակը, մեր կամային որակները, մենք երբեք առաջինը զենք չենք բարձրացնում, բայց մենք անգամ խաչը սրի ենք վերածում հանուն մեր երկրի պաշտպանության, հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման:
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց ազգային բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ, թող որ հայոց երկինքը լինի անամպ, թող որ սահմանի մեր տղերքը լինեն զգոն:
Սա հպարտության օր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել