Թուրքական Քադիր-Հաս համալսարանի կողմից հրապարակված հերթական տարեկան զեկույցի համաձայն՝ Թուրքիայի ամենամեծ հիմնախնդիրն ահաբեկչությունն ու ահաբեկչության վտանգն է: Հարցվածների ավելի քան 39 տոկոսը Թուրքիայի թիվ մեկ հիմնախնդիրը համարել է ահաբեկչությունը: Նախորդ տարվա հարցումներով թիվ մեկ խնդիրը գործազրկությունն էր: Այս տարվա հարցումներով մեծացել է Թուրքիայի մասնատման հարցում մտահոգություն ունեցող քաղաքացիների թիվը: Հարցվածների ավելի քան 54 տոկոսն իր մտահոգությունն է հայտնել, որ Թուրքիան գտնվում է մասնատման վտանգի տակ. նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր շուրջ 46 տոկոս: Նախորդ հարցումների համեմատ (93.2 տոկոս)՝ նվազել է Իսլամական պետությունը որպես ահաբեկչական կառույց համարողների թիվը (86.4): Նվազել է նաև Իսլամական պետությունը Թուրքիայի համար սպառնալիք համարողների թիվը: Հարցվածների 78 տոկոսը համարել է, որ Իսլամական պետությունը վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար: Նախորդ զեկույցի համաձայն՝ այդ ցուցանիշն ավելի բարձր էր՝ շուրջ 82 տոկոս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել