Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ամբողջապես ներդնել բարոյական կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախատեսել էին իրավունքների ոչ սպառիչ, ոչ ամբողջական ցանկ, որով հնարավոր էր պահանջել ոչ նյութական կամ բարոյական վնասի հատուցում:
Մասնավորապես դրանք էին՝ կյանքի իրավունքը, խոշտանգման արգելքը, անձնական ազատության իրավունքի խախտումը և ապօրինի դատապարտման հետևանքով կրած ոչ նյութական վնասը: Նախարարի խոսքով՝ այժմ ավելացվում են նաև արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և սեփականության իրավունքները։
Բացի այդ, նախատեսվում է կատարել ևս մի քանի կարևոր փոփոխություններ, որոնք վերաբերում են հատուցման չափերին. դրանք կավելացվեն և կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ բարոյական վնասի կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտն ամբողջությամբ կներդրվի Հայաստանում: Կարևորելով ներկայացված օրինագիծը՝ վարչապետ հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները կունենան իրենց հիմնական իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասի հատուցում պահանջելու և ստանալու ավելի լայն հնարավորություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել