Panorama.am-ը գրում է.
Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկա է գտնվել և ելույթ ունեցել Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր խոսքում նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:

« «Վճռական աջակցություն» առաքելության մեկնարկից գրեթե մեկ տարի անց իրավիճակը շարունակում է մնալ փխրուն, պահպանվում են մարտահրավերները, իսկ կարողությունների բացը դեռ պետք է լրացնել: Աֆղանստանի ժողովուրդը շարունակում է զգալ մեր աջակցության կարիքը:

Աֆղանստանի կայունության համար շարունակական միջազգային աջակցությունը կարևոր է մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ իր ժողովրդի համար: Մենք համոզված ենք, որ դա նաև կարևոր փորձաքար է միջազգային կարողությունների տեսանկյունից՝ մարտահրավերները պատշաճ կերպով դիմագրավելու և լուծումներ գտնելու այն իրավիճակների համար, որոնք ունեն համընդհանուր նշանակություն: Հետևաբար, մեր առաքելության իրականացումը կհանդիսանա միասնական վճռականության և հաստատակամության լուրջ ազդակ՝ հանձնառություններ ստանձնելու և փորձելու լուծումներ գտնել անգամ ամենաբարդ խնդիրների համար:

Անվտանգության սպառնալիքները ոչ միայն Աֆղանստանում, այլև անգամ այնպիսի վայրերում, որոնք մենք չէինք էլ կարող նախկինում պատկերացնել, բացահայտ ցույց է տալիս, որ մեր առաքելությունը չի սահմանափակվում միայն որոշակի աշխարհագրական տարածաշրջանով կամ իրավիճակով, այլ խոսքը գնում է գլոբալ մարտահրավերի մասին, որը պահանջում է միասնական համաձայնեցված արձագանք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել