Այսօր, ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյան-Ժիրայր Սեֆիլյան տանդեմի ձևավորած «Նոր Հայաստանը» Ազատության հրապարակում միջոցառում է նախատեսել:
Այդ միջոցառմանն ընդառաջ երեկ Ժիրայր Սեֆիլյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ նրա արած մի շարք հայտարարություններ թույլ են տալիս պատկերացնել, թե մոտավորապես ինչ կարգի գործողություններ են նախատեսվում:
Պարզվում է՝ Ժիրայր Սեֆիլյանն այն զգացողությունն ունի, թե «եզրագծին ենք մոտենում, և առաջիկայում հայ ժողովրդի համար արտառոց օրեր են լինելու»: Փաստորեն էլի հայ ժողովրդի բախտը չբերեց: Մեզ էլի «արտառոց օրեր» են սպասվում: Ի դեպ, «արտառոց» ածականը բազմիմաստ է. ժամանակակից արևելահայերենում նշանակում է մասնավորապես. 1. տարօրինակ, անսովոր, 2. այլանդակ, անհեթեթ («Արդի հայերենի բացատրական բառարան»):
Դե եկ, վարդապետ, ու առանց խենթանալու գլուխ հանիր, թե վերջին տարիներին գարուն-աշուն սեզոնայնությամբ հեղափոխական հովեր տատանող Ժիրայր Սեֆիլյանը հատկապես ո՛ր իմաստով է ասում՝ «արտառոց օրեր»: Տարօրինա՞կ, անսովո՞ր, թե՞, այնուամենայնիվ, այլանդակ ու անհեթեթ:
Իսկ ընդհանրապես երեկվա ասուլիսում տարօրինակ հայտարարությունների պակաս չէր զգացվում: Բանախոսը, օրինակ, ամփոփելով իրենց շտաբի կատարած աշխատանքը, հայտարարեց, թե քարոզչության ընթացքում շեշտն ավելի շատ դրել են այն բանի վրա, որ քաղաքացիները մասնակցեն հանրաքվեին, սակայն «ոչ» ասեն ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագծին:
Թվում է, նորմալ է: Սակայն խնդիրն այն է, որ այդ մոտեցումը հիմնականում քարոզում էին մրցակից-գործընկեր «ոչ»-ականները՝ ի դեմս ՀԱԿ-«Չեք անցկացնի» միավորման: Իսկ այ, Ժիրայր Սեֆիլյանն ու իր թիմն ավելի շատ բոյկոտի դիրքերից էին հանդես գալիս: Հիմա, պարզվում է, քարոզել են, թե՝ չէ, բոյկոտ մի արեք, գնացեք, մասնակցեք:
Լավ, սա ամեն դեպքում համարենք զուտ իրենց մարտավարական խնդիրը: Առաջին անգամը չէ, մանավանդ որ նման շրջադարձեր են արձանագրում տվյալ ուժերը: Մյուս կողմից ուշագրավ է, թե ինչպես են իր կողմնակիցները մասնակցելու հանրաքվեին, եթե «ընդդիմության միասնական շտաբի» ղեկավարը նրանց մարզերից հրավիրում է Երևան՝ մի քանի օր տևելիք (ըստ իրենց նախատեսածի) անդադար հանրահավաքի:
Շատ ավելի հետաքրքիր էր Սեֆիլյանի երեկվա այն հայտարարությունը, թե «ինչով կարողանան, օժանդակելու են ընդդիմադիր մյուս թևին»:
Ինչո՞ւ ենք այս հայտարարությունը հետաքրքիր նկատում: Ողջ հարցն այն է, որ «Նոր Հայաստանի» մյուս կազմակերպությունը՝ «Ժառանգությունը», համարվելով խորհրդարանական ուժ, բոլոր կարգի ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու իրավունք ունի: Այդ իրավունքից, սակայն, «Ժառանգությունը» լիարժեք չի օգտվել՝ ընտրահանձնաժողովներում թափուր թողնելով մեկուկես հարյուրից ավելի տեղեր: Այդ տեղերը, ինչ խոսք, լիովին թափուր չեն մնում և հանձնաժողովների կազմերն ամբողջացվում են այլ ուժերի (հիմնականում՝ իշխանության) ներկայացուցիչներով: Ճիշտ նույնպիսի, բայց ավելի ընդգրկուն խնդրի առաջ է կանգնել նաև «ընդդիմադիր մյուս թևը»՝ ի դեմս ՀԱԿ-ի:
Հարց է ծագում. եթե ինչով կարող եք, պատրաստ էիք կամ պատրաստ եք օգնել, ապա միգուցե նախ ինքներդ ձե՞զ օգնեիք և հավուր պատշաճի լիովին «վերցնեիք» ընտրական հանձնաժողովներում ձեզ հասանելիք տեղերը: Կամ էլ, «ինչով կարող ենք»-ի մեջ, այսպես ասենք՝ մարդկային ռեսուրսը չի ներառվում: Կարճ ասած, «ինչով կարող ենք»-ն այս դեպքում վերածվում է «մտքով ձեզ հետ ենք»-ի նման սիմվոլիկ մի բանի:
Սակայն հայտնի է նաև, որ Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների համար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ընդամենը պատրվակ է՝ իշխանափոխության էլի մի փորձ, այսպես ասած՝ հեղափոխություն կամ հեղաշրջում անելու համար: Առկա ներքաղաքական զարգացումները և քաղաքական ուժերի դասավորությունը թույլ են տալիս ենթադրել, որ այդ ամենն ավելի շատ «լուսանցքային հեղափոխության» կարգի մի դրսևորում է լինելու, եթե, Աստված մի արասցե, հերթական արկածախնդրության չվերածվի:
Իսկ որ կարող է և արկածախնդրության վերածվել, նույնպես անհավանական չէ: Երեկ Ժ.Սեֆիլյանը, օրինակ, հայտարարեց. «Եկող օրերի հետ կապված լավատես եմ և չեմ կարծում՝ երկար օրեր են տևելու ռեժիմից ձերբազատվելու համար: Արդեն նախապատրաստում ենք՝ ինչն ինչով փոխարինենք, անցումային կառավարություն կլինի, և այդ առումով վաղվանից փակագծերը կբացենք:
Չենք պատրաստվում հերթական արյունը հեղելու: Ես դեկտեմբերի 1-ը նմանեցնում եմ Մարտի 1-ին, որը երկու չդարձավ, և պրոցեսը վերջապես պետք է մեզ «Մարտի 2» բերի, բնականաբար առանց զոհերի, մեր ժողովուրդն արդեն իր զոհը տվել է»:
Ահա և «լուսանցքային հեղափոխության» ողջ գաղափարաբանությունն ու ծրագիրն էլ՝ վերադիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել