Ինչպես գիտենք՝ ՀՀ-ն պատրաստվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Մնացել են հաշված օրեր, և մինչև դեկտեմբերի 6-ն ավելի ու ավելի են թեժանալու քննարկումները և շահարկումները՝ կապված բարեփոխումների առաջարկվող նախագծի հետ: Ամեն դեպքում այս պահին էլ ընդդիմադիր և իշխանական թևերում քննարկումների պակաս չկա առանձին կետերի վերաբերյալ: Առանցքային քննարկումները, թերևս, վերաբերում են պետական կառավարման համակարգի փոփոխությանը: Ավելի կոնկրետ՝ Սահմանադրության առաջարկվող տարբերակով Հայաստանի Հնարապետությունը կիսանախագահական համակարգից անցում է կատարելու պառլամենտական կառավարման սիստեմին:
Այս մասով տարաձայնություններ կան. մասնավորապես կարծիքներ են հնչում, որ պառլամենտական կառավարման ձևն ընդունելու պարագայում առաջանում է կառավարության կայունության խնդիր: Ինչ է սա նշանակում: Կառավարությունը չպետք է, դիցուք, 3 ամիսը մեկ փոփոխվի: Նշվում է, որ գործադիրի հաճախակի փոփոխությունները կհանգեցնեն քաղաքական կյանքի անկայունության: Իսկ դա նշանակում է, որ կառավարությունները հնարավորություն չեն ունենա հեռանկարային ծրագրեր ու քաղաքականություն մշակել, ինչի արդյունքում էլ հնարավոր չի լինի պատշաճ լուծել պետության սոցիալ-տնտեսական բարդ խնդիրները:
Սահմանադրական բարեփոխումներին կողմ ուժերը վերոնշյալ հարցադրումների մասով նշում են, որ առաջարկվող տարբերակում ամրագրվել են կառավարման կայունության ապահովման լուծումներ. 1. Ընտրական օրենսգիրքը պետք է ապահովի կայուն պառլամենտական մեծամասնություն: 2. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի անց: 3. Վարչապետը կարող է պաշտոնանկ արվել բացառապես կոնստրուկտիվ անվստահության միջոցով, այսինքն՝ նոր վարչապետ ընտրելու միջոցով: Չնայած այս տարաձայնություններին՝ պետք է փաստենք, որ պառլամենտական կառավարման համակարգն ունի որոշ առավելություններ:
Կառավարման պառլամենտական ձևն իշխանությանը տալիս է ապաանձնավորված բնույթ, քանի որ ժողովուրդը նախ և առաջ կուսակցությունների է ընտրում, այլ ոչ՝ անձերի և պետական իշխանության հիմնական մասը կենտրոնացած է խորհրդարանի ձեռքում, իսկ որոշումներն ընդունվում են կոլեգիալ ձևով: Բացի սա, կարևոր է նաև ընդգծել, որ պռլամենտական կառավարման համակարգում հստակորեն տեսանելի են պետական քաղաքականության իրականացման պատասխանատվության սահմանները, և բոլոր անհաջողությունների պատասխանատվությունն առաջին հերթին կրում է կառավարությունը և իշխող կուսակցությունը: