Tert.am-ը գրում է.

«Քաղաքագիտական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ նախագահ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանը, չնայած հայկական հարցի շահարկումներին՝ չպետք է տեղիք տա և պետք է սթափ և հանգիստ դատի: «Մենք պետք է առիթ չտանք, որպեսզի այդ հարցը լուրջ քննարկման փոխարեն շահարկման տեսք ստանա սրա կամ նրա օգտին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Մանասյանի՝ ՌԴ-ն կարող է Թուրքիային տնտեսական կամ տեղեկատվական հարվածներ հասցնել, որի մեջ ներառվում է նաև Հայոց ցեղասպանության հարցը, բայց, ըստ նրա, չի բացառվում, որ նման հայտարարություններով էլ խնդիրը սպառվի: «Մենք չպետք է դա հաշվի չառնենք: Այդպիսի ելքի հաշվառումով պետք է մենք գործենք»,-ասաց նա:

-Պարո՛ն Մանասյան, ռուս-թուրքական լարվածությունը տարածաշրջանում ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել, մասնավորապես Հայաստանի համար, հատկապես որ հայերին ներքաշելու փորձեր կան: Ինչպես օրինակ՝ Ռուսաստանի Պետդուման միայն  հիմա հիշեց օրինագիծ առաջարկել` Հայոց ցեղասպանության չընդունման համար Թուրքիայի պատասխանատվության մասին:

-Կարծում եմ մենք այդպիսի հարցում շտապելու կարիք չունենք: Սովորական իրավիճակային քայլեր ու հայտարարություններ են դրանք, պետք է սթափ և հանգիստ դատել: Մենք պետք է առիթ չտանք, որպեսզի այդ հարցը լուրջ քննարկման փոխարեն շահարկման տեսք ստանա սրա կամ նրա օգտին: Դրա համար մենք ունենք նաև հատուկ հաստատություններ՝ արտգործնախարարություն, անվտանգության ծառայություն, որոնք պետք է այդ հարցին մոտենան սթափ և անշտապ: Մեզ ձեռնտու է, որ ռազմավարական դաշնակիցը կատարի այնպիսի քայլեր, որը մեր դիրքերը կամրացնի՝ նույնիսկ իր ցանկությունից ելնելով, բայց դրա համար մեր քաղաքականությունը պետք է ճիշտ լինի՝ լինել այնտեղ, որտեղ պետք է, խոսել այն ժամանակ երբ պետք է, բայց դա մեծ արվեստ է:

-Իսկ ըստ  Ձեզ՝ ՌԴ-ն կգնա՞ որևէ պատժիչ քայլերի կամ իրավիճակը կհանգեցնի՞ պատերազմական գործողությունների:

-Ես գտնում եմ պատերազմական գործողություն չի էլ սկսվելու, և չի բացառվում, որ լարվածությունները հաղթահարվեն, անցնեն և ինչպես ընդունված է ասել՝ իրենք իրար հետ լեզու գտնեն: Սովորաբար այդպիսի հարցերը լինում են ոչ միայն ուղղակի տարածքի,  այլ կերպարի, դիրքի համար: Հիմա դեպքերի և հաջորդականությունը ցույց է տալիս, որ մենք ափալ-թափալ որոշումների մեջ մտնելու կարիքը չունենք: Պատժիչ քայլեր կարող է լինեն, կարող է տնտեսական հարվածներ հասցնել, կարող է տեղեկատվական հարվածներ հասցնել, սրանց մեջ նաև այդ մեկը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ, բայց նման հայտարարություններով էլ կարող է խնդիրը սպառվել, և մենք չպետք է դա հաշվի չառնենք: Այդ համատեքստում պետք է մենք գործենք, այդպիսի ելքի հաշվառումով:

-Պարո՛ն Մանասյան, ռուս պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, թե պետք չէ թուրքական ապրանք գնել, թե գնած յուրաքանչյուր լոլիկը ներդրումն է հրթիռի մեջ, որը կկրակի մեր տղաների ուղղությամբ: Ինչպե՞ս է, որ Ռուսաստանն այս ամենը հասկանում է, սակայն որ Բաքվին հենց անմիջական զենք են վաճառում, որն ուղղակիորեն օգտագործվում է մեր տղաների դեմ, դա համարում է զուտ բիզնես: Պարադոքս չե՞ք համարում դա մեր ռազմավարական դաշնակցի կողմից:

- Պետք է հասկանալ մեծ քաղաքականությունից, Ադրբեջանի խնդիրը մի քիչ խիստ է, ՌԴ-ն չի կարող երկու երկրների մեջ անել այնպես, ինչպես մենք կցանկանայինք: Պետք է մտնել նրա իրավիճակի մեջ և ճիշտ հասկանալու համար պետք է իր դիտանկյունից նայենք: Մենք պետք է հասկանանք, որ ինչ անում է հո մեզ համար չէ, մեր շահերի համար չի անում: Եվ այն, ինչ մեզ համար անում է, այնուամենայնիվ, մեծ հաշվով էլի իր համար է: Դրա համար քաղաքականության մեջ չկա «քեֆին կպնել» և այլն, պետք է դատել սառը հաշվարկներով, որ նույն  ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը, իհարկե եթե իր նկատառումներից ելնելով խոցի Թուրքիային, պետք է ինչ-որ իմաստով մեզ համար լավ է,  բայց միաժամանակ մենք ենք թուրքական ապրանքներ օգտագործում ամեն քայլափոխ և փոխանակ այդ մասին մենք խոսենք և քարոզենք, մենք սկսում ենք ռուս-ադրբեջանական  հարաբերություններն առաջին պլան ուղղել, որը սխալ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել