Tert.am-ը գրում է.

Թուրքական օդուժի կողմից նոյեմբերի 24-ին Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև գործող «թեժ գծի» աշխատանքը դադարեցվել է։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Վտանգավոր իրավիճակների կանխման նպատակով հատուկ ստեղծված «թեժ գծի» աշխատանքը դադարեցվել է»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ այն ամենը, ինչ կապված է Թուրքիայի նախագահի հետ, վերաբերում է առաջին հերթին թուրք ընտրողներին, իսկ ինչ վերաբերում է երկու երկրների հարաբերություններին, ապա դրանք «դժվարուղղելի վնաս են կրել»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։

Համաձայն թուրքական կողմի պնդումների՝ ռազմական ինքնաթիռը խփելու պահին իրենք չեն իմացել, թե ում է պատկանում այն: Իրենք 10 անգամ կրկնել են նախազգուշացումը, սակայն օդաչուները չեն արձագանքել, ինչից հետո միայն կրակ է բացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել