Այսօր «Արմնյուզ» և «Ա1+» հեռուստաընկերությունների եթերում կմեկնարկի «Այո և ոչ» ռեալիթի շոուն: Հասկանալի է, խոսքը սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի, ներկայացված նախագծի կողմնակիցների ու հակառակորդների մոտեցումները հնարավորինս ամբողջական արտացոլելու նպատակ ունեցող հեռուստանախագծի մասին է:
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի մտահղացումը, որ համատեղ որոշել են իրագործել նշված հեռուստաընկերությունները, արդեն իսկ որոշակի հետաքրքրություն է հարուցել և ոչ միայն քաղաքական շրջանակներում: Իսկապես հետաքրքիր է, թե ի՞նչ կստացվի այս ամենից:
Ավելի ճիշտ, ըստ մտահղացածի, կհաջողվի՞ մնալ քաղաքակիրթ պայքարի ու բանավեճի շրջանակներում, առանց կռիվ-ղալմաղալի, վիրավորանքների և հայհոյախոսության: Այսօր և հաջորդող գրեթե երեք շաբաթվա ընթացքում կտեսնենք:
Հաղորդման հեղինակ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկվա ասուլիսում նման հույս հայտնեց՝ մասնավորապես նկատելով. «Սա այն ձևաչափն է, որ մարդիկ կարող են մինչև վերջ պնդել իրենց գաղափարները, ավելին՝ տեղերում փորձել տարածել իրենց գաղափարները և ազգաբնակչությանը համոզել, մի մասն «այո», մյուս մասը` «ոչ», բայց միաժամանակ լինել նորմալ քաղաքական և մարդկային հարթության վրա: Այսինքն՝ դա չլինի ծեծ ու ջարդ, չլինեն վերջին հայհոյանքներ, չլինի անձնական թշնամանք»:
Ընդհանուր առմամբ, արդեն պարզ է, թե՝ ինչ, որտեղ, երբ և ովքեր: Ինչպես երեկ հայտնեցին «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի քարոզչական խմբերը հստակեցված են, և արդեն մեկնել են մեկնարկային կետեր: Ձևավորվել է երկուական խումբ, որոնք ռեալիթի շոուի շրջանակներում մեկնարկելու են Ապարանից և Ագարակից: Այսինքն՝ «Այո»-ի և «Ոչ»-ի չորսական ներկայացուցիչ քարոզարշավը կսկսեն երկրի հարավից, իսկ ևս չորսական ներկայացուցիչ՝ հյուսիսից:
Ըստ այդմ, «Այո»-ի հյուսիսային խմբում ընդգրկված են ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ֆարմանյանն ու Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը:
«Ոչ»-ի հյուսիսային կազմը նույնպես պարզ է. «Ժողովրդավարական հայրենիքի» ղեկավար Պետրոս Մակեյան, Վարդան Խաչատրյան, Արմեն Մկրտչյան («Հայազն») և Նարեկ Այվազյան («Ազատ դեմոկրատներ»):
Հարավային ուղղությամբ «Այո»-ի համար աշխատելու են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀԿ խմբակցության անդամներ Վարդան Այվազյանը և Կարինե Աճեմյանը, ինչպես նաև նախագահի մամուլի նախկին քարտուղար Արման Սաղաթելյանը:
Իսկ «Ոչ»-ի քարոզչությունն իրականացնելու են ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, ինչպես նաև Թամարա Գևորգյանը և Վաղինակ Շուշանյանը, որի անունը հանրությանն առավել հայտնի դարձավ հոսանքի թանկացման դեմ ցույցերի ժամանակ:
«Հարավցիները», մեկնարկելով Ագարակից, կլինեն Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում, գյուղերում, ապա կանցնեն Վայոց ձոր, այնուհետև՝ Արարատի, Արմավիրի և վերջում՝ Կոտայքի մարզեր:
Իսկ «հյուսիսցիները» կսկսեն Ապարանից, կլինեն Աշտարակում, Թալինում, ապա՝ Շիրակի մարզում (Գյումրի, Ամասիա), կանցնեն Լոռի, այնտեղից՝ Տավուշի մարզ (Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Դիլիջան), վերջում Գեղարքունիքի մարզի բնակավայրերում կշրջեն:
Ըստ նախատեսվածի՝ դեկտեմբերի 2-ին քարոզչական երկու խմբերը կվերադառնան մայրաքաղաք, որտեղ էլ նախատեսված է, որ քարոզչության վերջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, տեղի կունենա երկու «թիմերի» միասնական բանավեճ:
Հավելենք, որ ռեալիթի շոուն հեռարձակվելու է 12 ժամ, ուղիղ եթերում, «Յուքոմ» ցանցի «Արմնյուզ» հեռուստաալիքով և «Ա1+»-ի կայքով՝ նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 2-ը՝ ամեն օր՝ 11:00-23:00: Հասկանալի է, հընթացս կլինեն ամփոփումներ, հարցազրույցներ, ռեալիթի շոուն նաև հեռուստաօրագիր կունենա:
Նշենք նաև, որ այստեղ հարցեր են ծագում, մասնավորապես, հեռուստանախագծին մասնակցել չցանկացածների դիրքավորման վերաբերյալ: Հարկ է ընդգծել, որ նախագծի հեղինակն ու կազմակերպիչները դիմել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ակտիվորեն առնչվող բոլոր ուժերին:
Սակայն ակնհայտ է, որ ինչպես առավել ագրեսիվ դիրքավորվող «Նոր Հայաստանի», ավելի պարզ ասած՝ «Ժառանգության» և Ժիրայր Սեֆիլյանի, այնպես էլ՝ բուն ՀԱԿ-ի կողմից այս յուրօրինակ քարոզչական հնարավորությունը, այսպես ասենք՝ համարժեք չի գնահատվել: Համենայն դեպս, նրանց առավել նկատելի ներկայացուցիչները որոշել են չմասնակցել այս ծրագրին:
Բնականաբար, հարցեր են ծագում: Օրինակ, ըստ մամուլի հրապարակումների, ցանցային լրատվամիջոցների լրահոսի, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե ռեալիթի շոուին չեն մասնակցի, քանի որ չեն ցանկանում այդպիսով լեգիտիմացնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը:
Դա, ինչ խոսք, անընկալելի ու հակասական հայտարարություն է, քանի որ «Ոչ»-ի քարոզարշավի մեջ ակտիվորեն ընդգրկվելով՝ արդեն իսկ մասնակցում են մի գործընթացի, որն իբր չեն ցանկանում լեգիտիմացնել: Սկզբունքորեն, ի՞նչ տարբերություն՝ միայնա՞կ են շրջում երկրով մեկ ու իրենց ժխտողական մոտեցումը քարոզում, թե՞ դա անում են հեռուստատեսային ուղիղ եթերում հեռարձակման պայմաններում:
Ի լրումն, լուրեր տարածվեցին, որ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե՝ «ի՞նչ է, մենք տառակա՞ն ենք, որ բանկայի մեջ դնեն ու վերևից նայեն»: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը երեկ հարկ չհամարեց մեկնաբանել նմանօրինակ հայտարարությունները: Փոխարենը նա մի դիպուկ դիտարկում ներկայացրեց, մասնավորապես, որ անբացատրելի է քաղաքական ուժի նման դիրքավորումը՝ հրաժարվել 20 օր շարունակ ուղիղ եթերում հեռարձակվող հաղորդմանը մասնակցելուց՝ անկախ այն բանից, թե տվյալ ուժը որ մոտեցման կողմնակիցն է:
Ինչ վերաբերում է «Այո և Ոչ» նախագծին, ապա հուսանք՝ այն բարեհաջող ընթացք կունենա, իսկ մասնակիցներն էլ, կրկին՝ անկախ կողմնորոշումից, իրենց կոռեկտ կդրսևորեն և իրենք էլ դժգոհ չեն լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել