Newsbook.am-ը գրում է.
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը շարունակում է դեմ լինել համայնքների խոշորացման գործընթացին: Իր այս դիրքորոշումը նա մեկ անգամ ևս շեշտեց այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում՝ նկատելելով, որ նման գործընթաց սկսելով՝ իշխանություններն ընդամենը գնում են հեշտ կառավարման համակարգի: «Դեմ լինելու իմ փաստարկը հետևյալն է` չի կարելի խոշորացման գնալ այն պարագայում, երբ Հայաստանում մարդ չի մնացել, երբ շատ գյուղերում առաջին դասարաններ չկան, երբ ֆինանսական միջոցներ չկան:
Բացի այդ, կան համայնքներ, որոնք երկու-երեք հազար բնակչություն ունեն, մինչդեռ իշխանությունները ցանկանում են դրանք բերել-միացնել առանց այն էլ մեծ մեկ այլ համայնքի՝ Դիլիջանին»,- նկատեց պատգամավորը: Արամ Մանուկյանն իշխանություններին ևս մեկ անգամ հորդորեց զերծ մնալ համայնքների խոշորացման ծրագրից, առավելագույնը՝ որպես պիլոտային ծրագիր՝ գաղափարը փորձարկել միայն Սյունիքի մարզում:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն ի պատասխան հակադարձեց, որ համայնքների խոշորացման հարցը քննարկման ենթակա չէ, այն աներկբա է: «Խոշորացմամբ մենք համայնքների զարգացման լուրջ հնարավորություններ ենք ստեղծում, այս ծրագիրը միանգամայն արդարացված է»,- համոզմունք հայտնեց իշխանական պատգամավորը՝ հիշեցնելով, որ համայնքային խոշորոցման գործընթաց չանցած միակ երկիրը շարունակում է մնալ Ֆրանսիան: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ իր հերթին համայնքների խոշորացման նախաձեռնությունը որակեց ժամանակավրեպ և իրականությունից կտրված նախագիծ: «Սա կցկտուր, թքած-կպցրած նախաձեռնություն է»,- նշեց դաշնակցական պատգամավորը: