unnamedՓարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթընի Բլինքենի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը երկուստեք գոհունակություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կողմերը կարևորել են 2015թ. հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը և ս.թ. մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր են փոխանակվել առաջիկայում նախատեսված հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի և Առևտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման անցկացման շուրջ։

Բանակցությունների օրակարգում է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում սեպտեմբեր ամսին խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովին ՀՀ նախագահի մասնակցության կապակցությամբ և գոհունակություն հայտնել խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել