Elq.am-ը գրում է.
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մասնակցել է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության 38-րդ գլխավոր համաժողովին։ Համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանության արժանացնեն կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը և բյուջեն։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել կոնֆերանսի լիագումար նիստին։
Իր ելույթում նախարարն ասել է.
«Հարգելի՛ տիկին գլխավոր տնօրեն,
Հարգելի՛ պարոն նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում պարոն Սթենլի Սմաթային՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 38-րդ գլխավոր համաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մեր շնորհակալությունը հայտնում նախորդ նախագահ պարոն Հաո Փինգին:
Պարո՛ն Նախագահ,
1945թ.-ին` իր կազմավորումից ի վեր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգալի աշխատանք է իրականացրել՝ միավորելով պետությունների ջանքերը՝ կրթության, գիտության և մշակույթի միջոցով խաղաղությունն ու կայուն զարգացումը խրախուսելու ուղղությամբ:
Կազմակերպության 70-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանը հյուրընկալել է «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. հետո» միջազգային համաժողովը, որին մասնակցել են 40-ից ավելի երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի կողմից ընդունված «Երևանյան հռչակագիրը» դատապարտում է մարդկության մշակութային ժառանգության գանձերի ոչնչացումը: Դժբախտաբար, այսօր այս հարցը դարձել է առավել քան երբևէ հրատապ: Այս կապակցությամբ, Մերձավոր Արևելքում ներկայիս իրավիճակը խորին մտահոգություն է հարուցում:
Ահաբեկիչների կողմից բազմաթիվ իսլամական սրբավայրերի ոչնչացումը, հինավուրց Պալմիրայի և Նիմրուդի մշակութային կոթողների ավիրումը, Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են: Դրանք հիշեցնում են նմանատիպ բարբարոսությունները՝ Բամիասի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի և այլ հուշարձանների ոչնչացումը: Այս ոճիրները ժամանակին չպատժվեցին՝ ճանապարհ հարթելով նոր հանցագործությունների համար: Պատմությունն վկայում է, որ անպատժելիությունը նոր ոճրագործություններ է ծնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



