Tert.am-ը գրում է.

ԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների և ծախսերի՝ սոցիալական ապահովության նպաստների և թոշակների հարցը:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը ակնհայտ համարեց, որ եկող տարվա բյուջեն ավելի հարուստ և շլացուցիչ չէ նախորդ տարիների համեմատ:

«Կարծում եմ, որ կառավարությունը իրատեսական և ոչ ժողովրդահաճո որոշում է կայացրել բյուջեն  կազմելիս»,-ասաց նա և նկատեց, որ 2016 թվականի պետական բյուջեի ծախսերը սոցիալական ոլորտում ավելացել են:

Նա բարձրացրեց Ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրի հարցը և կարևորեց այն, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն հնարավորություն օգտվելու ավանդների փոխհատուցման այս ծրագրից, կարող են ստանալ այդ փոխհատուցումը՝ առանց համապատասխան մարմիններում հաշվառված լինելու:

«Սա իրականում շատ կարևոր բան եք անում, որովհետև մարդկանց դա անընդհատ նյարդայնացնում է, քանի որ ունեին ավանդ և չեն կարողանում ստանալ: Ունե՞ք վիճակագրություն, թե մինչ այժմ մեր բնակիչներից քանի մարդ է ստացել այդ փոխհատուցումը, և մենք, որպես պետություն, քանի՞ քաղաքացու ենք պարտք: Այն նորարարությունը, որ դուք նախաձեռնել եք, որքանո՞վ է դրա օգտակար գործողության գործակիցը բարձր, այսինքն՝ քանի՞ քաղաքացի այդ ծրագրից կարող է գոհ լինել»,-հարցրեց նա:

Արտեմ Ասատրյանը  նշեց, որ ծրագիրը մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց համար է: «Տարբերությունն այն է, որ այսօր գործող բյուջեի մասին օրենքով սահմանված է պայման՝ անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելը, որը 2016 թվականի բյուջեի նախագծի շրջանակներում առաջարկել ենք հանել»,-ասաց նա և նշեց, որ այս ծրագիրը 2006 թվականից է իրականացվում։ Նա պարզաբանեց, որ այն ավանդների վերադարձի ծրագիր չէ,այլ ավանդի դիմաց փոխհատուցման ծրագիր է:

Նախարարը հայտնեց, որ վերջին երկու տարիների ընթացքում շուրջ տասներկու-տասներեք հազար անձանց վճարվել է ավանդի դիմաց փոխհատուցումներ: «Յուրաքանչյուր տարի պետական բյուջեում նախատեսվում է շուրջ 1,5 միլիարդ դրամ գումար ավանդի դիմաց փոխհատուցումներ իրականացնելու համար, և 2015 թվականից իրականացվում են զուգահեռ  երեք ուղղություններով վճարումներ՝ տարեց քաղաքացիներին, ազատամարտիկներին և սահմանամերձ  բնակավայրերի բնակիչներին, որը շարունակվել է 2016 թվականին՝ թեթևացնելով հաշվառման խնդիրը՝ մինչև 1931 դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիների համար»,-ասաց նա:

Մարգարիտ Եսայանը շնորհակալություն հայտնեց պարզաբանման համար և նկատեց, որ մարդկանց մոտ չհասկացվածության մթնոլորտ կար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել