![]()
Lurer.com–ը գրում է.
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն թեպետ խոստովանում է, որ հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու սահմանային միջադեպերին, սակայն տեղյակ չէ, որ Ադրբեջանը հակամարտության գոտում թուրքական արտադրության սպառազինություն է կիրառում և սահմանային վերջին լարվածության ժամանակ հարևան պետությունը հենց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից գնված արկերն է գործածել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նոյեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ, Լահյուն նախ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է հարցը, իսկ կրկնահարցից հետո հավելեց, որ Դաշինքը չի կարող իր ինքնիշխան անդամների արտաքին քաղաքականությանը միջամտել և ինչ-որ հարցեր պարտադրել:
«Ես ինքս տեղյակ չեմ, թե դուք ինչ նկատի ունեք: Թուրքական զենքի կիրառման մասին տեղեկատվությանը չեմ տիրապետում: Կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն չի կարող իր անդամներին որևէ քաղաքականություն պարտադրել: Միաժամանակ, ես կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ներգրավված բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն նոր զոհերից և սրացումներից խուսափելու համար»,- ասաց Լահյուն:
ՀՀ ԱԳՆ միջազգային համագործակցության և սպառազինությունների վերահսկման վարչության պետ Սամվել Մկրտչյանն էլ շեշտեց, որ ԵԱՀԿ յուրաքանչյուր այցելության, սահմանին կամ շփման գծում ցանկացած մոնիտորինգի ժամանակ համանախագահներին և դիտորդական խմբի ներկայացուցիչներին ներկայացվում է համապատասխան վիճակագրություն հրադադարի խախտումների, կիրառված զենքերի տեսակների, քանակի և նաև արտադրության վերաբերյալ: Միաժամանակ, Մկրտչյանը շեշտեց, որ այս հարցի առնչությամբ պետք չէ գերագնահատել ՆԱՏՕ-ի դերակատարությունն անդամ պետություններին որևէ բան պա րտադրելու հարցում: «Միաժամանակ, հստակ է, որ Թուրքիան ոչ կառուցողական դիրքորոշում ունի ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ»,- ասել է Մկրտչյանը:
Սեպտեմբերին սահմանային լարվածության ժամանակ ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները հայտարարեցին, որ Ադրբեջանը կիրառում է թուրքական արտադրության սպառազինություն: Ի պատասխան այդ հայտարարության՝ Թուրքիայի բանակի Գլխավոր շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ադրբեջանին աջակցությունը շարունակվելու է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է և ըստ Անկարայի ներկայացրած տվյալների, դաշինքի կազմում զորքերի թիվը հասնում է 1 միլիոնի:



