Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ասաց, որ ինքն այս բարեփոխումների վճռական ջատագովներից է, որովհետև վստահ է, որ առաջարկվող փոփոխությունները լուրջ առաջընթաց կարող են ապահովել պետության ժողովրդավարության համար:
«Սրանք շատ կարևոր պատմական, դարակազմիկ փոփոխություններ են, դա փաստ է: Այս նախագիծը պատմական հնարավորություն է ստեղծում մեր երկրի ժողովրդի համար՝ ավելի առաջադիմական, ժողովրդավարական համակարգի անցնելու համար, և եթե հաջողվի իրագործել այդ փոփոխությունները, կապրենք շատ ավելի լավ երկրում»,- ասաց նա և նշեց, մինչև խորհրդարանական համակարգին անցումը, դժվար թե մեր կուսակցությունները զարգանան, որովհետև խորհրդարանական համակարգը կուսակցությունների զարգացման գրավականն է:
Նա նկատեց, որ մեր խորհրդարանը բազմաբնույթ է և Սահմանադրական փոփոխությունների նախագծով աննախադեպ լիազորություններ են տրվելու ընդդիմությանը:
Հարցին, թե Սահմանադրությունն էր խանգարում մինչ այս ունենալ ժողովրդավար և զարգացող պետություն՝ պատգամավորն ասաց.«Ո՛չ, Սահմանադրությունը երբեք չի խանգարել, ունենալ ժողովրդավարության համակարգ, սակայն այս փոփոխությունները նպաստելու են ժողովրդավարության զարգացմանը մեր պետությունում»:
Պատգամավորը նկատեց, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը կողմնակից են սահմանադրական բարեփոխումներին, ինչը վկայեց այն, որ խորհրդարանում փոփոխությունների նախագիծն անցավ ջախջախիչ մեծամասնությամբ:
Ինչ վերաբերում է «ոչ»-ի ճակատին, ապա Լևոն Մարտիրոսյանն ասաց, որ չգիտի, թե ովքեր են այդ ճամբարում և թե ինչին են դեմ: «Միակ խնդիրն այն է, որ մարդկանց համոզել գնալ ընտրատեղամասեր, այստեղ անձերի, կուսակցությունների պայքար չկա»,-ասաց նա և հույս հայտնեց, որ հանրաքվեին մասնակցության մեծ տոկոս կլինի:



