Lragir.am-ը գրում է․
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի ֆորմալ եւ ոչ ֆորմալ ղեկավարության հետ: Նախագահի, վարչապետի ու խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումներից հետո Սերժ Սարգսյանը Բիձինա Իվանիշվիլիի հետ մասնակցել է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու բացմանը:

Իվանիշվիլիին համարում են ոչ թե «գորշ կարդինալ», այլ Վրաստանի իրական ղեկավար: Նա կորցրել է ազդեցությունը նախագահի վրա, սակայն առաջվա պես ղեկավարում է կառավարությունն ու խորհրդարանը՝ աստիճանաբար վրաց հասարակության գիտակցության մեջ սերմանելով, որ անհրաժեշտ է վերականգնել կապերը Ռուսաստանի հետ:

Վերջերս Վրաստանը Գազպրոմի հետ բանակցություններ է սկսել մեծ ծավալի գազի գնման մասին: Միաժամանակ, ինչպես ասել է Վրաստանի էներգետիկայի նախարարը, բանակցություններ են ընթանում Իրանի հետ՝ գազ գնելու վերաբերյալ:

Ներկայում Վրաստանը գազ է գնում Ադրբեջանից ու չի պատրաստվում նվազեցնել այդ երկրից գնվող գազի ծավալները: Փորձագետները նշում են, որ Վրաստանն Իրանի ու Ռուսաստանի հետ պայմանավորվում է ոչ թե իր համար գազ գնելու, այլ տրանզիտի վերաբերյալ: Որոշվում է, թե որ ուղղությամբ է հոսելու գազը՝ դեպի Իրան, թե Իրանից:

Բոլոր դեպքերում, Վրաստանը չի կարող գործել առանց հայկական խողովակաշարի: Ամենահավանական տարբերակն իրանական գազը Հայաստանով ու Վրաստանով Սեւ ծով տեղափոխումն է, այնտեղից էլ Եվրոպա: Այդ տարբերակը ձեռնտու չէ միայն Ռուսաստանին: Մոսկվան փորձում է խոչընդոտել դրան:

Մոսկվան իր տարբերակն է առաջարկում՝ օգտագործել հայ-վրացական տրանզիտը սվոփ սխեմայով գազը Ռուսաստանից Իրան տեղափոխելու համար, որպեսզի Իրանն էլ նույն ծավալի գազ վաճառի Պարսից ծոցով: Դա տնտեսապես ոչ ձեռնտու, սակայն քաղաքականապես արկածախնդիր տարբերակ է: Այն ենթադրում է, որ գազը հայ-իրանական խողովակաշարով հոսելու է որ թե Իրանից, այլ հակառակ ուղղությամբ: Դա վերջնականապես կփակի հայ-վրացական տրանզիտը Եվրոպայի համար:

Պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն Իվանիշվիլիի հետ այդ տարբերակի մասին է զրուցել: Վրաստանը, հնարավոր է, որոշակի տնտեսական օգուտներ ստանա, սակայն քաղաքական առումով Թբիլիսին ու Երեւանը դառնում են Մոսկվայի գազային արկածախնդրության կատարողները՝ խոչընդոտելով իրանա-եվրոպական նախագծին:

Սերժ Սարգսյանի այցի արդյունքում նոր գազային ուղիների մասին ոչինչ չի հայտարարվել, չնայած էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ ակնարկներ եղել են: Հնարավոր է, Իվանիշվիլին մտածել է ու չի համաձայնվել առաջարկված տարբերակին՝ հասկանալով, որ դա քաղաքական աֆյորա է, որը կարող է Վրաստանը վերջնականապես կտրել Ռուսաստանից:

Տարածաշրջանում տարօրինակ վիճակ է: Հարավկովկասյան երեք հանրապետությունները, չնայած Ռուսաստանի հզոր ձգողականությանը, յուրաքանչյուրը յուրովի վանում է նրան:

Չնայած վերջին տարիներին Իվանիշվիլին հետեւողականորեն Վրաստանը տարել է ռուսամետ ուղով, նրա գործողությունները խիստ սահմանփակված են արեւմտամետ ընդդիմությամբ ու հանրային կարծիքով, որը ցանկացած պահի կարող է ըմբոստության վերածվել: Այդ պատճառով էլ Վրաստանը գնում է Արեւմուտք, այլ ոչ թե Հյուսիս:

Ի տարբերություն Իվանիշվիլիի՝ Հայաստանի նախագահը ոչնչով սահմանափակված չէ: Ընդդիմությունը բողոքում է ամեն ինչ դեմ՝ բացառությամբ ինքնիշխանությունը Ռուսաստանին փոխանցելուց, իսկ հասարակությունը դեռ ապրում է խորհրդային լուսավոր ապագայի առասպելներով: Ընդ որում, ռուսամետ ուղին ցուցադրել է տնտեսապես անօգուտ լինելը, իսկ անվտանգության առումով խախտել է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Երեւանը բնազդաբար վանում է Մոսկվային՝ չափից շատ մոտ չթողնելով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի եվրասիական դրեյֆին, ապա Ալիեւը, ամենայն հավանականությամբ, դրա իմիտացիա է անելու Պուտինի աջակցությունը ստանալու համար: Սակայն, բավարար կլինի, որ Արեւմուտքն Ալիեւին նույնիսկ փոքր երաշխիքներ առաջարկի, եւ եվրասիական ուղին արկածախնդրություն կհայտարարվի:

Ռուսաստանը հետեւողականորեն կորցնում է Հարավային Կովկասը, յուրաքանչյուր երկիր յուրովի: Գալիս է պահը, երբ Ռուսաստանի էքսպանսիայի միակ գործիքը կմնա օկուպացիոն զորքը: Սակայն դա էլ հազիվ թե փրկի իրավիճակը:

Ոչ ոք չգիտի, թե ինչ են պայմանավորվել Իվանիշվիլին ու Սարգսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել