Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարց բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի ապագայի հետ կապված:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը շարունակում է մտածել, որ գործարանը պետք է վերագործարկվի: Արծվիկ Մինասյանը հարցրեց նաև՝ Հայաստանը վերցրե՞լ է բաժնետոմսերը որպես իր սեփականություն և որքանո՞վ են համապատասխանում իրականությանը տեղեկությունները, որ գործարանում սկսվել է գույքի վաճառք:

Ի պատասխան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, թե «Նաիրիտ»-ը շարունակում է մնալ պարապուրդում:  Ըստ Զախարյանի՝ յուրաքանչյուր ամիս նախարարության և կառավարության միջոցների հաշվին վճարվում են «Նաիրիտ» չաշխատող գործարանի աշխատակիցները՝ 70-ից 75 միլիոն դրամի չափով:

Երվանդ Զախարյանը նշեց, որ կառավարությունը կողմ է գործարանի վերագործարկմանը և եթե լինի պոտենցիալ ներդնող, ապա իրենք պատրաստ են քննարկել հարցը:

«Այսօր վերագործարկման համար նպատակահարմար ժամանակ չէ, ինչ կլինի գործարանի ճակատագիրը, չեմ կարող ասել: Բաժնետոմսերի հետ կապված՝ պրոցեդուրային աշխատանքներ միջպետական բանկի կողմից տարվում են, սպասում ենք վերջնական լուծմանը: Մոտակա շաբաթներին բանկի վերջնական որոշումը կլինի, ինչից հետո կանցնեն պետական իրավասության տակ»,- նշեց Երվանդ Զախարյանը:

Անդրադառնալով գույքի վաճառքին, Զախարյանը հավաստիացրեց՝ իրականության հետ կապ չունեն տարածված տեղեկությունները, որևէ գույք չի վաճառվել:

Արծվիկ Մինասյանը հարց հնչեցրեց, թե նախարարը չի կարծո՞ւմ, որ պետք է հանդես գա օրինագծով, որ պաշտպանի «Նաիրիտ»-ի գույքը և ներկայացնի նախընտրելի մի սխեմա, որ ներդրողները ցանկություն հայտնեն ներդրումներ անել:

Ըստ պատգամավորի՝ ոչ մի ներդրող չի պարտավորվի հիմա ներդրումներ կատարել, երբ «Նաիրիտը» նման վիճակում է:

Երվանդ Զախարյանն էլ հորդորեց այս առնչությամբ կոնկրետ առաջարկ անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել