«Ժառանություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանում լուրջ ճգնաժամային խնդիրներ կան: Նա առաջարկել է ժողովրդի վստահության կառավարություն ձևավորել: Դե, վատ առաջարկ չի: Բայց Մարտիրոսյանը մի կարևոր հանգամանք հաշվի չի առել. այն ուժը, որի փոխնախագահն է ինքը, պակաս ճգնաժամի մեջ չէ: Կամ, կարելի է ասել, ընդհանրապես իրենից քաղաքական ուժ չի ներկայացնում: Ոչ կուսակցությունն է կուսակցության նման, ոչ ԱԺ խմբակցությունը, «Ժառանգության» ղեկավարն էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, անընդհատ կամ ընտանեկան խնդիրներով ԱՄՆ-ում է, կամ վոյաժների մեջ է Արևմտյան Հայաստան:
Երկրի խնդիրները չափազանց կարևոր են, բայց դրանց հասնելուց առաջ հարկ է կենտրոնանալ «Ժառանգության» խնդիրները շտկելու վրա: Կար ժամանակ, երբ կուսակցության պատգամավորներն ակտիվորեն շփվում էին ժողովրդի հետ, տարբեր իրավիճակներում օգնության հասնում քաղաքացիներին, բարձրաձայնում խնդիրների մասին: Հիմա մի իրավիճակ է, երբ կուսակցության ներկայացուցիչներն անգամ իրարից տեղեկություն չունեն:
Տեսնես «Ժառանգության» փոխնախագահ Ա. Մարտիրոսյանը տեղյա՞կ է, որ խմբակցությունը մնացել է առանց ղեկավարի: Լրատվամիջոցներն էլ գրում են, թե 4 պատգամավորներն «իրար գլխի չեն հավաքվում»: Արմենը պետք է երկրի ճգնաժամերը թողնի մի քանի րոպեով ու գործընկերներին համախմբելու փորձ անի:
Լավ է, երբ կա առողջ ընդդիմություն, որը քննադատում է իշխանություններին, փաստերով խոսում թերացումների մասին, բայց ծիծաղելի է, անհասկանալի, երբ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց ելույթներն ու հայտարարությունները գրելիս հաշվի չեն առնում, թե ինչ իրավիճակում են իրենք, ինչ խնդիրներ կան այն քաղաքական ուժի ներսում, որը ներկայացնում կամ գլխավորում են: