Այսօր «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամները ներկայացրել են կառույցի ծրագրերը քայլերը, խոսել են ներքաղաքական խնդիրների մասին:
Ծրագրի ներկայացման ժամանակ խոսքով հանդես է եկել նաև, կներեք արտահայտությանս համար, Հմայակ Հովհաննիսյանը: Եթե ինչ-որ մեկին ոչինչ չասեց այս անունը, ապա հիշեցնեմ, որ Հմայակը ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր է, ով հայտնի է որպես խմբերում լրատվական նյութեր տարածող: Ավելի կոնկրետ նա A3 ֆորմատի, 45 էջ նույն բովանդակությամբ ռուսերեն ստատուսներ գրող ակնոցներով մարդն է:
Ինչևէ, անցնենք առաջ: Հովհաննիսյանը կարծում է, որ իրենց այս նոր կառույցը պետք է պատրաստ լինի ռեժիմի կողմից ամենաբիրտ և ամենանենգ հակազդեցություններին, քանի որ իշխանությունները սարսափում են նման կոնսոլիդացիայից:
Հովհաննիսյանը նշել է. «Այո, մեր ճակատի ստեղծումն այս դեմքերով ու այս կազմով լուրջ մարտահրավեր է սեփական կոռուպցիոն հնարավորությունները պահպանելու և ընդլայնելու ձգտող, Հայաստանի ազգային շահերը և ինքնիշխանությունն աճուրդի հանած հանցավոր ռեժիմի համար»:
Կրկնում եմ «այս դեմքերով»: Ի դեպ, նշեմ այս կառույցի ամենակարկառուն դեմքերին՝ ՖԲ օգտատեր Հմայակ Հովհաննիսյան, նախկինում քաղաքականությունով մի փոքր հետաքրքրված Արմեն Մարտիրոսյան, նախկին հացադուլագետ Անդրիաս Ղուկասյան և այլն: Չեմ կարող հստակ ասել՝ իշխանությունները տեղյակ են «Նոր Հայաստանի» գոյության մասին, թե՝ ոչ, ամեն դեպքում կարծում եմ, որ իշխանությունների համար որոշակի լրջություն ներկայացնելու համար առաջնային կերպով պետք է փոխել հենց կառույցի դեմքերին:
Բացի դա, եթե մի նախաձեռնության անդամ է Հմայակ Հովհաննիսյանը, դա արդեն հուշում է տվյալ կառույցի ձախողման մասին, անկախ այն հանգամանքից, թե որքան գումար կդրվի այս կառույցում: