«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, որը պայքարում էր էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ, որոշել է դադարեցնել իր բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը նշել է, որ իրենց պայքարի 78 օրվա ընթացքում կարևոր ձեռքբերում են ունեցել:
Նշենք, որ վերջին շրջանում «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության կազմակերպած նստացույցերի ժամանակ ներկայանում էին մեկ տասնյակից ոչ ավելի քաղաքացիներ, որոնցից մեկն Անդրիաս Ղուկասյանն էր, իսկ մյուսը՝ Դավիթ Սանասարյանը, ով Բաղրամյանի պայքարի օրերին առաջարկեց առաջ մղել աղբամաններով սարքված «բարիկադները», ինչն էլ պատճառ դարձավ, որ ոստիկանությունն անցնի գործողությունների և դրանցից ազատի Բաղրամյան պողոտան: Կասկած չկա, որ այն ժամանակ իր առաջարկին չէր հավատում նաև հենց նույն ինքը՝ Դավիթ Սանասարյանը, այլ փորձում էր իրեն ի ցույց դնել որպես գրծողությունների «նախաձեռնող»:
Իսկ այսօր արդեն լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Դավիթ Սանասարյանը, ով ամեն կերպ ջանում էր «Ոտքի Հայաստան» նախաձեռնության նվիրյալ մարտիկ երևալ, նշել է, թե լքում է նախաձեռնությունը, որպեսզի զբաղվի կրթության հետ կապված հարցերով: Սանասարյանը հավելել է նաև, որ ֆիզիկապես չէր հասցնում մասնակցել նախաձեռնության գործունեությանը:
Ստացվում է, որ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, հացադուլի գլխավոր վարպետ Դ. Սանասարյանը որոշել է լրացնել ուսման պակասը՝ թողնելով մյուս «կարևոր» գործերը: Բացառված չէ, որ շուտով Սանասարյանը հայտարարի, թե զբաղված է իր ուսման գործերով և ֆիզիկական պատճառներով չի հասցնում կատարել նաև «Ժառանգություն» կուսակցության խոսնակի իր պարտականությունները:
Հարկ է նշել նաև, որ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը լուրջ կորուստ ունեցավ՝ ի դեմս Դավիթ Սանասարյանի, քանի որ վերջինս կարողանում էր հմտորեն ճանապարհ փակել, հացադուլ անել, վազել ճանապարհների երթևեկելի մասերով ու վարպետորեն գոռգռալ: