Գաղտնիք չէ, որ Սիրիական հակամարտությունում ահաբեկչական խմբավորումների կազմում ակտիվ գործունեություն են իրականացնում Վրաստանի տասնյակ քաղաքացիներ: Նրանց մի մասն էլ ներգրավված են հայտնի՝ «Իրաքում և Շամում իսլամական պետության» ահաբեկչական խմբերում:
Դրանցից թերևս ամենահայտնին Թարխան Բաթիրաշվիլին է՝ նույն Աբու Ումար աշ-Շիշանին, ով 2012 թ.-ի մարտին տեղափոխվել է Սիրիա և որոշ ժամանակ անց դարձել «Ջայշ ալ-Մուհաջիրին ուա ալ-Անսար» խմբավորման առաջնորդ, ապա, 2013 թ.-ի կեսերին, հավատարմության երդում տալով ԻՇԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին, սկսեց կատարել վերջինի ներկայացուցչի դերը Սիրիայում կառավարական և այլ հակառակորդների դեմ պայքարի ճակատում:
Դա է պատճառը, որ Աբու Ումար աշ-Շիշանին հայտնվել է ԱՄՆ պետդեպարտամենտի ուշադրության կենտրոնում, որը նշված ահաբեկչի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն հաղորդած անձին խոստանում է պարգևատրել 5 մլն դոլարով:
Ի դեպ ամերիկացիների կողմից ամենաշատ որոնվող ահաբեկիչների ցանկում Բաթիրաշվիլին չորրորդն է: Ամենախոշոր պարգևը՝ 10 մլն դոլար սահմանվել է ԻՇԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասին տեղեկատվություն տալու համար: