Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, թե Ռուսսատանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախատեսում է մուտք գործել, այս անգամ իր ուժերը փորձել ՀՀ քաղաքական դաշտում: Եվ որքան էլ որ զարմանալի է՝ Ա. Աբրահամյանն իր նպատակների իրականացման համար, ըստ շրջանառվող լուրերի, հենվում է ՕԵԿ-ի և Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» միավորման վրա:
Ինչպես երևում է՝ Աբրահամյանն այնքան էլ պրոֆեսիոնալ մոտեցում չի որդեգրել այդ հարցում, քանի որ այդպիսի որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել քաղաքական դաշտը և տեսնել, թե ինչ քաղաքական կարողությունների է տիրապետում և ինչ վստահության մակարդակ ունի ՕԵԿ-ը ՀՀ քաղաքացիների շրջանում:
Գաղտնիք չէ, որ ՕԵԿ-ը՝ ի դեմս Ա. Բաղդասարյանի, այլևս լուրջ գործոն չի համարվում ՀՀ քաղաքական դաշտում և քաշվել է մի անկյուն ու հասարակական-քաղաքական շրջանակների կոնսոլիդացիայի իմիտացիա է ստեղծում: Քաղաքացիները փորձով համոզվել են ՕԵԿ-ի անսկզբունքային լինելու հարցում և բացառված չէ, որ Արա Աբրահամյանը հիմնվելով ՕԵԿ-ի վրա, շատ շուտով քաղաքական դաշտում մնա մենակ, որովհետև Արթուր Բաղդեասարյանը քաղաքական ճամբարները արագ փոխելու փորձառու մասնագետ է: Գլխավորապես այս պատճառով է պայմանավորված, որ այսօր Բաղդասարյանի «մարժան» քաղաքական շուկայում ամենացածրն է:
Բայց միևնույն ժամանակ զավեշտալին այն է, որ Ա. Բաղդասարյանը տառապում է իր գերարժեքության բարդույթով և մտածում է, որ իր կուսակից պատգամավորներին հրահանգելով ԱԺ-ում բոլոր ելույթներում խոսել արտագաղթից ու գյուղատնտեսությունից, կմոռացվի ՕԵԿ-ի քաղաքական հետագիծը և բախտախնդիր անցյալը: