ՌԴ-ի ավիահարվածներն ԻԼԻՊ-ի դիրքերին բազմակի շահարկումների տեղիք են տալիս: Միջազգային հարթակում կրկին շահերի բախում է: ՌԴ-ն ապացույցներ է ներկայացնում, որ ավիահարվածները միմիայն ԻԼԻՊ-ի դիրքերին են ուղղված եղել, իսկ ԱՄՆ-ն հակառակն է ապացուցում:
Սիրիայի ընդդիմությունն արհեստական պահվող կառույց է, որն ուղղված է բացառապես Ասադի ու նրա կողմնակիցների դեմ:
ՌԴ ավիահարվածները, եթե ուղղված են եղել ոչ միայն ԻԼԻՊ-ի դիրքերին, այլև այսպես կոչված ընդդիմությանն, սա հստակ մեսիջ է ԱՄՆ-ին և Ասադի դեմ պայքարող ուժերին, որ ՌԴ-ն պաշտպանելու է Ասադին և չի թուլացնելու իր ներկայությունը տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ի քայլերն ու բողոքները հստակ ցույց են տալիս, որ Ասադի խնդիրը վաղուց փակված է իրենց համար, ու արհեստածին ընդդիմության միջոցով նրանք ուզում են իրենց ներկայությունն ամրապնդել այդ տարածաշրջանում:
Թուրքիան, որը համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցներից մեկը ռազմական առումով, այս պահին ներքին խնդիրներ ունի: ԻԼԻՊ-ը դուրս է եկել վերահսկողությունից, ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելը խնդիրներ ունի Թուրքիայի հետ, Հունաստանն էլ միանշանակ պետություն ու դաշնակից չէ իր վատ տնտեսական վիճակով, իսկ Պարսկաստանի վրա հույս դնելն ավելի քան անիմաստ կլինի, Պարսկաստանն իր շահերի համար է աշխատում, իսկ Իրաքն ԻԼԻՊ-ի պատճառով լարված իրավիճակում է: Մնում է ստեղծել արհեստական ընդդիմություն կամ նման մի բան, որին էլ ՌԴ-ն է հարվածում:
Այս խառը իրավիճակը միմիայն ձեռնտու է Հայաստանին, քանզի այս ընթացքում Հայաստանը կարող է ճիշտ քայլերի արդյունքում տարածաշրջանում դառնալ առաջատար պետություն և համագործակցության եզրերը կարող է մեծացնել Պարսկաստանի հետ, որն այս պահին մեր ամենաիրական հեռանկարն ու պարտնյորն է: