«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.

«Նոր Սահմանադրության նախագծում երկրի համար ամենավտանգավոր դրույթներից մեկը կապված է զինված ուժերի ղեկավարման հետ։ Մասնավորապես, այդ նախագծով, մինչև պատերազմ հայտարարելը, Հայաստանում չի լինելու զինված ուժերի գլխավոր-գերագույն հրամանատար, այսինքն՝ չի լինելու մի պաշտոնյա, որը խաղաղ պայմաններում մշտապես զբաղվել է զինված ուժերի ղեկավարությամբ և որը պատասխանատվություն կունենա և կկարողանա Հայաստանի անվտանգության համար անմիջական սպառնալիքի դեպքում անմիջապես որոշում ընդունել զինված ուժերի կիրառման վերաբերյալ։ Իսկ արդեն պատերազմ հայտարարելուց հետո այդ դերը վերապահվելու է ՀՀ վարչապետին։ «ՉԻ»–ն Աժ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ զրուցել է այդ թեմայով։


-  Նոր Սահմանադրությամբ որքանով է երաշխավորված զինված ուժերի՝ իր առաջ դրված գործառույթներն ամբողջությամբ իրականացնելու հնարավորությունը։


-  Ամբողջապես վերանայվել է գործող համակարգը, զինված ուժերի կառավարման, համակարգման, վերահսկման միանգամայն նոր սահմանադրաիրավական հիմքեր են ձևավորվում, և դա պայմանավորված է նաև պետական կառավարման համակարգում տեղի ունեցող սահմանադրական փոփոխություններով։ Բնականաբար, ԶՈՒ վերահսկողության խնդիրը նույնպես առանձնակի կարևորություն ունի, և այդ առումով, սահմանադրական փոփոխությունների նախագծով տրվելու են նոր լուծումներ։


-    Գործող Սահմանադրությամբ ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը և՛ պատերազմի ժամանակ, և՛ խաղաղության պայմաններում նախագահն է, մինչդեռ՝ նոր Սահմանադրությամբ այս հարցին այլ մոտեցում է ցուցաբերված։ Ձեր կարծիքով, առաջարկվող նոր մոդելը որքանո՞վ կապահովի ԶՈՒ լիարժեք գործունեությունը, և ընդհանրապես, արդյոք նորմալ է, երբ խաղաղության պայմաններում չկա ԶՈՒ գյխավոր գերագույն հրամանատար, և միայն պատերազմի ժամանակ է այդ պարտականությունը դրվում վարչապետի վրա։


- Հանրապետության նախագահի կարգավիճակը, գործառույթները և լիազորություններն էապես փոխվել են, և այդ հանգամանքը հաշվի չառնելը ճիշտ չի լինի։ Այդ հանգամանքով Էլ պայմանավորված է այն փաստը, որ հանրապետության նախագահն այլևս չի լինելու գլխավոր-գերագույն հրամանատար։ Այո, սահմանադրական փոփոխությունների նախագծով պատերազմի ժամանակ նման կարգավիճակ է ձեռք բերում վարչապետը,  իսկ  խաղաղ ժամանակ գլխավոր գերագույն հրամանատարի անհրաժեշտություն չի զգացվելու, ԶՈՒ ղեկավարման ու կառավարման սկզբունքները նախատեսված են համապատասխան դրույթներով և կարծում եմ այստեղ որևէ անմիջական վտանգ տեսնել մեր ԶՈՒ համար, ճիշտ չէ»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել