«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
«Սեպտեմբերի 11-ին, ինչպես հայտնի է, կայանալու է «Ոչ Թալանին» նախաձեռնության հերթական բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ այս նախաձեռնության վերջին ակցիան կայացավ սեպտեմբերի 1-ին:
Եվ ահա հենց այդ օրվանից հետո էլ մի տեսակ անհասկանալի վիճակ է ստեղծվել նախաձեռնության շրջանակներում: Խնդիրն այն է, որ էլէներգիայի սակագնի դեմ պայքարող ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանը, որը ոչ վաղ անցյալում լքեց Բաղրամյան պողոտան մարդկանց կոչ անելով հավաքվել Ազատության հրապարակում, չնայած հայտարարել է, թե լքել է նախաձեռնությունը, այնուամենայնիվ, վերջին ակցիային բավականին ակտիվ մասնակցություն ունեցավ: Հարկ է նշել, սակայն, որ վերջինիս հետ առանձնապես սառը հարաբերություններ ունեն «Ոչ Թալանին» նախաձեռնության մնացած առանցքային դեմքերը, խոսքն, օրինակ, Մաքսիմ Սարգսյանի և Արամ Մանուկյանի մասին է: Ի դեպ նրանք կանգնած են եղել այս շարժման ակունքներում:
Ակցիայի մասնակիցների դիտարկմամբ Վաղինակը սեպտեմբերի 1-ի բողոքի երթի ժամանակ իրեն շատ վատ է պահել հատկապես ոստիկանների հետ շփվելիս»,-գրում է թերթը: