Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ՀՀ ՊՆախարարի սահմանային զորամասերի այցելության վերաբերյալ հայտարարություն է տարածել և նախարարի այցն անվանել է «անհանգստություն»:
Հակառակորդի պաշտպանական գերատեսչության հանդգնությունը երևում է հայտարարության ամեն մի տողում: Օրինակ՝ «Նախիջևանի տարածքի Ադրբեջանի զինված ուժերը, որոնք համալրված են ժամանակակից զենքով, զինտեխնիկայով, ռազմաօդային ուժերով, հրթիռա-հրետանային, այդ թվում՝ «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգերով, ցանկացած պահի պատրաստ են ոչնչացնել Հայաստանի տարածքում և Երևանում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ»:
Փաստորեն «անհանգստություն» բառն օգտագործած Ադրբեջանի ՊՆ-ն այս հայտարարությամբ ապացուցում է, որ ոչ միայն իրենք անհանգստացած են, այլ նաև սարսափած են: Միայն հայտարարության տոնայնությանն ու ձևին անդրադառնալով՝ ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական կողմը, մասնավորապես՝ ՊՆ-ն դեռևս չի մոռացել հայկական ապտակները և սարսափից հոխորտում է: Ստացվում է, որ ՊՆախարարի հերթական պլանային այցելությունը սահմանային զորամասեր, առաջնագիծ, որը կրում է բացառապես աշխատանքային բնույթ, հակառակորդին ստիպում է հայտարարությամբ սպառնալ, որ իրենք ոչ միայն չեն վախենում, այլ նաև կարող են վնասել:
Ադրբեջանի Պնախարարի այցելությունները, եթե այդպիսիք, իհարկե, եղել են, երբեք հայկական կողմից հայտարարություն տարածելու առիթ չեն հանդիսացել:
Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են վախի առաջնային ստադիա, որի ժամանակ վախեցողը գիտակցում է իր վախը, սակայն այն փարատում է իր բարձր գոռոցով և սպառնալիքներով ու ինքնահաստատվում է շրջապատի ծափահարողների հաշվին: Ինչպես ասում են՝ «ուժեղ տղերք են»:
Ինչ վերաբերում է ռազմական օբյեկտներ «ոչնչացնելու պատրաստակամությանը», ապա նշենք, որ թե՛ մենք, թե՛ առավել ևս հայտարարություն անող կողմը չեն մոռացել 2014թ. հունիսի վերջին կատարվածը, երբ Հայաստանի պետական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ մեր բանակը բարելավել էր դիրքերը՝ տեղադրելով մարտական նոր հենակետեր: Այժմ արդեն մեր տղաները կարողանում են վերահսկել Նախիջևանի՝ մեզ սահմանակից ամբողջ հատվածը թե՛ ռազմական, թե՛ գյուղաբնակ շրջաններում:
Ցանկացած ուժ ծնում է հակադարձ ուժ: Ադրբեջանի ՊՆ-ին ուղղակի խորհուրդ. այդպես մեծ-մեծ խոսելու փոխարեն պահպանե՛ք հրադադարի ռեժիմը: Այլապես ոչ թե ռազմական օբյեկտները, այլ Բաքվի նավթամուղերը կարող են օդ բարձրանալ, որոնք համարվում են Ադրբեջանի զարկերակները: Մնացեք խաղաղությամբ, չի՛ կարելի «բզբզալ»: