Վրաստանում հոսանքը թանկացավ 8 դրամով. դեռ մարզերում
...ուստի...
«Վրացական երազանքի» իրականացման ժամկետները կրկին հետաձգվում են։
Արդեն հայտնի է, որ Վրաստանում սպասվում է էլէներգիայի սակագների բարձրացում: Այդ մասին որոշումն արդեն իսկ ընդունվել է Վրաստանի էլէներգիայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի կողմից: Վրաստանի «Էներգո Պրո Ջորջիա» ընկերությունը, որը սպասարկում է մարզերը, ըստ ներկայացրած հայտի, պահանջել էր հոսանքը թանկացնել 4,8 թեթրիով, ինչը բավարարվել էր մասնակի: Թվում է, թե մի քանի թեթրիով նախատեսված թանկացումը մեծ բան չէ, բայց արի ու տես, որ վերոնշյալ որոշման արդյունքում մարզի բնակիչները ստիպված են լինելու 3.95 թեթրի (8 դրամ) ավել վճարել մեկ կվտ հոսանքի համար՝ նախկինի հետ համեմատ:
Ի դեպ, Վրաստանում գործում է հոսանքի սակագների բաշխման ճկուն համակարգ, այն է՝ մարզերի, քաղաքի, մասնավոր սեկտորի համար սահմանված են տարբեր արժեքներ, բացի այդ, սպառած հոսանքի դիմաց վճարները գանձվում են ըստ ծավալների, այսինքն՝ որքան շատ է էլէներգիան օգտագործել սպառողը, վերջինս այնքան բարձր գին է վճարում 1 կվտ-ի դիմաց:
Կասկածից վեր է, որ տվյալ որոշումը լուրջ բողոք է առաջացնելու Վրաստանի բնակչության շրջանում և ոչ միայն մարզերի, քանի որ չի բացառվում, որ հիշյալ թանկացումից հետո հայտ ներկայացնի նաև Թբիլիսին սպասարկող «Թելասի» ընկերությունը: Նշվածը լրացուցիչ բեռ է հանդիսանալու առանց այդ էլ սոցիալական անբարենպաստ իրավիճակում ապրող Վրաստանի սպառողների զգալի հատվածի համար: Սա հերթական հարվածը կհասցնի վրացական իշխանություններին, ովքեր ստիպված են լինելու ընդունելու այդ մարտահրավերը:
Թե ինչով կավարտվի ենթադրյալ «մարտը», մոտ ապագայում պարզ կդառնա, բայց մեկ բան հստակ է, որ «վրացական երազանքի» իրականացման ժամկետները կրկին հետաձգվում են: