Իսրայելից ուղերձներ Թուրքիային: Ինչպիսի՞ն կլինի Իսրայել-Թուրքիա հարաբերությունների հեռանկարը:
Իսրայելի ԱԳՆ-ի աշխատակազմի քարտուղար Դարե Գոլդն իր վերջին հարցազրույցում նշել էր Իսրայելի և Թուրքիայի համագործակցության մասին: Ըստ նրա` երկու երկրների նկատմամբ առկա ընդհանուր սպառնալիքների չեզոքացումն անհրաժեշտ է դարձնում այդ երկրների միջև համագործակցությունը: Որպես առաջնահերթ սպառնալիքներ նա մատնացույց է արել «Իսլամական պետությանն» ու Իրանին:
Իրականում Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն ու Իրանի համաձայնությունը «Վեցյակի» հետ անհանգստացնում են թե՛ Իսրայելին և թե՛ Թուրքիային: Տարածաշրջանային նման գործընթացների պարագայում Թուրքիայի համար Իսրայելը կարող է դառնալ եթե ոչ 90-ականների խիստ ցանկալի «ռազմաքաղաքական դաշնակիցը», ապա գոնե ներկայում «գաղտնի գործընկերը»: Իսրայելա-թուրքական վերջին տարիների լարված հարաբերությունների ժամանակ էլ երբեք կողմերը չեն դադարեցրել շփումները, շատ դեպքերում գաղտնի ձևով շարունակել են խորհրդակցություններն ու հանդիպումները: Վերջին հանդիպումներից մեկը ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև կայացել է հունիսին: Վերջերս ուշագրավ հրապարակմամբ է հանդես եկել ամերիկացի դիվանագետներից մեկը` նշելով, որ Էրդողանը ցանկացել է Իսրայելի հետ գաղտնի բանակցությունների գնալ: Թուրքիան ու Իսրայելը կփորձեն ստեղծել գոնե «գաղտնի գործակցային» հարաբերություններ` առաջիկայում պահպանելով արտաքուստ լարված հարաբերությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել