Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանից ձեռք բերվելիք զենքի 200 միլիոն դոլարի խմբաքանակի շուրջ, որովհետև հնչել են տարբեր հայտարարություններ, ու չգիտես որտեղից հայտնվել են նաև տեղեկատվական արտահոսքեր, որ այդ գումարով Հայաստանին տրամադրվելու են Իսկանդեր Մ տեսակի մարտավարական հրթիռային համակարգեր։
Եկեք փորձենք հասկանալ իրավիճակն ու վերլուծել թեմայի շուրջ արված կարևոր հայտարարությունները։ Մասնավորապես ՊՆ Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը. հայտարարել է.
«Դրանք ժամանակակից են՝ ավելի շատ պաշտպանողական ու նաև կանխարգելիչ են: Այդ զինատեսակները հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձևավորման համար»։
Այս հայտարարությունը կարելի է հասկանալ երկու ձևով.
1. Հայաստանը ձեռք է բերել պաշտպանողական բնույթի զինատեսակներ, ինչպիսիք ՀՕՊ համակարգերն են, տարատեսակ ռադարներն ու այլ տեղորոշիչ-հետախուզական համակարգերը, ինչպես նաև հակատանկային ու հակահրետանային համակարգերը, ու դրա համար էլ արծարծվում է զինատեսակների պաշտպանական լինելու գործոնը։
2. Ձեռք են բերվել տարածաշրջանի մասշտաբով ռազմավարական նշանակություն ունեցող հարձակողական համակարգեր, ինչպիսին մարտավարական հրթիռային համակարգերն են, որոնց առկայության փաստն ինքնին կարող է կանխարգելիչ գործոն հանդիսանալ հակառակորդի համար։ Չեմ պնդում, որ խոսքը հենց Իսկանդերների ու առավել ևս՝ Իսկանդեր Մ-երի մասին է (տե՛ս նկարում), բայց այս կհամատեքստում չեմ էլ բացառում։ Կանխարգելիչ են, որովհետև այս զինատեսակներով կարելի է պատերազմի հենց առաջին րոպեներին այնպիսի անդառնալի վնաս հասցնել Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին, որ նույնիսկ պատերազմում լիարժեք հաղթանակը չի կարողանա կոմպենսացնել այդ վնասներն Ադրբեջանի համար (Նավթամուղներ, Մենգեչաուր, Բաքվի ռազմավարական օբյեկտներ և այլն...)։
Մյուս կողմից, այս ամենը կարող է իրականում հայկական կողմի բլեֆը լինել, առավել ևս, որ սա առաջին դեպքը չէ, որ մեր լրատվական դաշտում հայտնվում են արծարծումներ Իսկանդերների մասին։ Եթե հիշում եք, դեռ անցած օգոստոսին հեռուստատեսությամբ ցուցադրվում էր մի անիմացիոն ինֆոգրաֆիկա, որտեղ բաց տեքստով ասվում էր, որ մեր Իսկանդերները կարող են հարվածել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած կետի։ Մնում է հասկանալ, թե այս դեպքում բլեֆը կոնկրետ ինչի՞ն էր ուղղված. որ հակառակորդը հավատա, որ մենք ունենք մի բան, որն իրականում չունե՞նք, թե՞ ընդհակառակը՝ վստահ լինի, որ բլեֆ ենք անում ու չհավատա, որ մենք ունենք մի բան, որը չպետք է ունենանք, բայց ունենք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1599213417011263&set=a.1436339379965335.1073741827.100007678606149&type=1&theater&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել