Վիեննայում Իրանի ու վեց գերտերությունների միջև բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը համաձայնությունը որակել է որպես «պատմական»: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆրեդերիկա Մոգերինին համաձայնությունը որակել է որպես «հույսի նշան ամբողջ աշխարհի համար»:
Համաձայնության տեքստը դեռ չի հրապարակվել: Առանձին լրատվամիջոցներ ներկայացրել են որոշակի դրույթներ, որոնք ենթադրվում է, որ պետք է ընդգրկված լինեն համաձայնագրի տեքստում.
1. ՄԱԿ-ի փորձագետներին թույլ կտրվի մուտք գործել Իրանի բոլոր այն վայրերը, որտեղ հնարավոր է միջուկային զենք պահվի կամ մշակվի, Թեհրանը կսահմանափակի իր միջուկային ծրագիրը:
2. Իրանը ընդունում է, որ պատժամիջոցները կարող են վերականգնվել 65 օրվա ընթացքում, եթե խախտում է համաձայնությունը:
3. ՄԱԿ-ի կողմից զենքի էմբարգոն և հրթիռային պատժամիջոցները մնում են 5 և 8 տարի համապատասխանաբար:
4. Պատժամիջոցները կվերացվեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավթի, գազի առևտուրը, ֆինանսական փոխանցումները, ավիացիան և նավերի առաքումը, ու իրանական միլիարդավոր դոլարների ակտիվները չեն սառեցվի:
BBC-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը հայտարարել է առավոտյան կայանալիք «վերջնական լիագումար հանդիպման» մասին, որին հաջորդելու է մամուլի ասուլիս: