Այսօր Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ բավական խիստ հականատօական հայտարարություն է արել մեծամասնության ներկայացուցիչ, պատգամավոր Գոգի Քավթարաձեն, ով կոչ է արել համապատասխան մեսիջներ հասցնել ՆԱՏՕ-ին:
Պատգամավորը մասնավորապես նշել է. «Կարող է իմ հայտարարությունը տարօրինակ թվա և քննադատության արժանանա, սակայն ցանկանում եմ հարցադրում անել՝ ինչ են մեզ խնդրել տալիս ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար, բազմաթիվ մեր զինվորներ կռվում են ՆԱՏՕ-ի առաքելություններում անդամ երկրների զինվորների հետ կողք-կողքի, նրանց հետ հավասար, բայց Վրաստանը, որը թերևս որոշ անդամ պետություններից ավելի արժանի է լինել դաշինքի կազմում, դեռևս չի ստացել անդամության հրավեր: Ուստի եկեք մեսիջ հղենք ՆԱՏՕ-ին ու հասկացնենք իրենց, թե ինչ ենք ուզում ասել սրանով»:
Նշված ելույթը լուրջ քննադատության է արժանացել խորհրդարանական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորների կողմից, ովքեր նշվածը որակել են սադրանք և հակապետական հայտարարություն՝ մեղադրելով կառավարող «Վրացական երազանք» կոալիցիային երկրի հիմնական արտաքին ուղուց շեղվելու փորձերի մեջ՝ կոչ անելով վերջիններին դադարեցնել հակաեվրոպական գործելաոճը:
Իշխող կոալիցիայի ներկայացուցիչներն իրենց գործընկերոջ անսպասելի հայտարարության կապակցությամբ նշել են, որ Քավթարաձեի տեքստի բովանդակությունն արտահայտում է իր սեփական կարծիքը, և այն չի արտացոլում «Վրացական երազանքի» դիրքորոշումը:
Անհասկանալի է, սակայն... վերոնշյալ պատգամավորը մի քանի ժամ անց կրկին հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ իր միտքը սխալ է հասկացվել, քանի որ ինքը նկատի է ունեցել, որ ՆԱՏՕ-ն Վրաստանի գործընկերն է, և անհրաժեշտ է արագացնել անդամության գործընթացը:
Հ.Գ. Թերևս պատգամավորի արդարացմանը կարելի էր հավատալ այն դեպքում, եթե չլիներ իր կողմից վերոնշյալ հայտարարությունն ընթերցելու տեսանյութը, որտեղ ամեն ինչ պարզ լսելի և դիտելի է: