Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին իսպանական «EFE» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ ՆԱՏՕ-ին ինտեգրման գաղափարին կողմ քվեարկած Վրաստանի բնակչությունը կարող է հիասթափություն ապրել և բացասական տրամադրությամբ լցվել ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ հաջորդ տարի Վարշավայում կայանալիք կառույցի հերթական գագաթնաժողովին Անդամակցության գործողությունների պլանը՝ «MAP»-ը, ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանին չտրամադրվելու դեպքում:
Խիդաշելիի խոսքով՝ ինքը դեռ չի հանդիպել եվրոպական մի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության, որով կհերքվի Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը պատրաստ լինելու հանգամանքը: Վրացի նախարարն ընդգծել է, որ Վրաստանն ակտիվ համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ տարբեր ուղղություններով, և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի 2016թ.-ի Վարշավայում կայանալիք գագաթնաժողովին Վրաստանը մեկ քայլ առաջանա՝ ստանալով «MAP»-ը: Խիդաշելին նաև կարևորել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության շարունակականությունը, ինչն, ըստ իրեն, լավատեսություն է ներշնչում:
Անդրադառնալով նշված հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը՝ Խիդաշելին նշել է, որ թեև Մոսկվան դեմ է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, դա ոչինչ չի կարող փոխել, քանի որ վրաց հասարակությունը վաղուց ընտրել է իր ճանապարհը, որն է եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին անդամակցելու անշեղ ուղղությունը:
Փաստորեն, Թ.Խիդաշելին կրկնում է իր ամուսնու՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դ.Ուսուպաշվիլիի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին ուղղված խիստ մեսիջները, որը վերջինս հնչեցրել էր ս.թ. մայիսի 18-ին՝ Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում: Մասնավորապես՝ Ուսուպաշվիլին բարձր ամբիոնից հայտարարել էր, որ Վրաստանն արդեն իսկ պատրաստ է անդամագրվել դաշինքին, ինչպես և տեղի է ունեցել ժամանակին ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների պարագայում, և 2016թ.-ի Վարշավայի գագաթնաժողովին դաշինքը պետք է տրամադրի Վրաստանին անդամակցության գործողությունների պլան կամ հայտարարի, որ այն անհրաժեշտ չէ Վրաստանին՝ ուղղակի անդամակցության համար:
Հ.Գ. Ի դեպ, օգոստոսին նախատեսված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Վրաստան: Տեսնենք՝ վերջինս ինչ խոստումներ է պատրաստել Թբիլիսիի համար: