Օդային տրանսպորտի ոլորտում հայ-վրացական համագործակցությունը նոր փուլ է թևակոխում: Հունիսի 29-ից պաշտոնապես վերաբացվեց Երևան-Թբիլիսի ավիաչվերթը, որը կգործի կանոնավոր՝ շաբաթական 4 անգամ: Թռիչքի տևողությունը կկազմի 40 րոպե:
Սա հիրավի ակնառու առաջընթաց է հայ-վրացական հարաբերությունների, մասնավորապես՝ տրանսպորտային, այս դեպքում՝ օդային փոխադրումների առումով: Օդային հաղորդակցությունը կարևոր այլընտրանքն է երկու երկրների համար:
Երևանից Թբիլիսի հեռավորությունն այնքան էլ մեծ չէ, այդուհանդերձ մի շարք առումներով նաև Երևան-Թբիլիսի չվերթի իրականացման անհրաժեշտություն կար, ինչն արդեն իրականություն է:
Նշենք, որ հատկապես ամառային սեզոնին մեծ թվով զբոսաշրջիկներ հնարավորություն կունենան օգտվել նշված ուղղությունից:
Ի դեպ, Երևան-Թբիլիսի չվերթը կիրականացնի վրացական «Georgian Airways» («Airzena») ընկերությունը:
Երևան-Թբիլիսի առաջին ավիաթռիչքը կայացավ 2009թ-ի ապրիլի 14-ին: Այդ ժամանակ ևս պահանջարկը մեծ էր: Չվերթներն իրականացրել է «Արմավիա» ընկերությունը, սակայն վերջինս դադարեցրել էր իր գործունեությունն այդ ուղղությամբ, և չվերթը հանվել էր 2011-ին:
Հ.Գ. Մաղթենք բոլոր ուղևորներին և կազմակերպիչներին բարի երթ: