Ռուսական լրատվամիջոցներում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված հոսանքի թանկացման դեմ բողոքի վերաբերյալ անդրադարձերում բազմիցս հանդիպում ենք «Մայդան» որակումը կամ զուգահեռներ «Մայդանի» հետ:
Ուրեմն, ի գիտություն նման կերպ դիտարկողների՝ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՄԱՅԴԱՆ ՉԿԱ:
Ուկրաինական «Մայդանի» ու դրա հետևանքների մասին չարժի ծավալվել, բոլորին է հայտնի, թե ինչ եղավ, ինչ է կատարվում այսօր, ու ինչ հետևանքներ կունենա հետագայում:
Մենք հին ազգ ենք՝ բազմադարյա քաղաքակրթությամբ, մենք սիրում ենք մեր հողը, մեր երկիրը, մեր պետությունը: Եթե այստեղ քաղաքացիական ակտիվություն է ցուցաբերվում սոցիալական պահանջով, դա չի նշանակում, որ պետք է զուգահեռներ անցկացվեն «Մայդան-մույդունների» հետ:
Դրսի աչքով եթե դիտարկում ենք, թե ինչ կերպ է տեղի ունենում բողոքի ակցիան, ինչ վարք են դրսևորում թե՛ ցուցարարները, թե՛ ոստիկանները, ինչպիսի մասնակցություն ու քաղաքական սոլիդարություն է դրսևորվում, ապա կարելի է միանգամից հրաժարվել անթույլատրելի զուգահեռներից և որակումներից:
Այն իրադարձությունը, որ կատարվում է այսօր մեզ մոտ, ժողովրդավարական փայլուն դրսևորում է, որը պետք է օրինակ լինի նաև դեմոկրատիա բառը բարձր բացականչողների համար, ինչու չէ նաև հարևանների ու նույն «Մայդանների» համար: