Այն, ինչ կատարվում է Հայաստանում և նրա շուրջ, կարելի է մեկ արտահայտությամբ կոչել՝ ինքնիշխանության բռնազավթում: Հայաստանին շանտաժով և ահաբեկումներով դարձրեցին անորոշ մի կառույցի՝ ԵՏՄ անդամ, ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ի հայաստանյան ներկայացուցչությունը, ի դեմս ՀԷՑ-ի, համագործակցելով մեր իշխանական թևի հետ, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ Հայաստանի տնտեսությունը դատապարտում է կործանման, երկրի բնակչության առջև դնում արտագաղթի իրական հեռանկարը: Այս ամենին գումարած էլ, օրերս ,,Ռուսական երկաթուղիների,, գլխավոր տնօրեն Վլադիմիր Յակունինը հայտարարել է, թե պետք չէ ունենալ Հայաստան-Իրան երկաթուղի, որովհետև այն անհեռանկար է…
Տպավորությունն այնպիսին է, թե այլևս չկա Հայաստանի ինքնիշխան պետություն, չկան երկրի նախագահ ու կառավարություն, Ազգային ժողովը լուծարվել է… Այսպիսին է տպավորությունը, որովհետև արդեն անսեթևեթ ու ակնհայտ ցինիզմով Ռուսաստանն է որոշում մեր քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները, Ռուսաստանն է Հայաստանի փոխարեն կայացնում որոշումներ: Եվ տարօրինակն ու զարմանալին այն է, որ բոլորս լռում ենք: Ռուսամետները ցնծության ու էյֆորիայի մեջ ընկած՝ հարձակումներ են գործում բոլոր նրանց վրա, ովքեր խոսում են ինքնիշխանության ու անկախության դիրքերից, Հայաստանը պահպանելու դիրքերից՝ անընդհատ բարեբանելով ,,ռսի օրհնած ոտը,, , իսկ արևմտամետներն էլ հերթական առևտրի մեջ են մտել իշխանությունների հետ՝ որքան կարելի է շատ գրանտներ ստանալու ակնկալիքներով: Ու Հայաստանը վերածվել է ,,որբի գլխի,, , որը դրվել է Ռուսաստանի կրկնկի տակ: Կուզենա՝ կշոյի, կուզենա՝ կհարվածի…
Իրան-Հայաստան երկաթուղին Հայաստանի միակ փրկությունն է, գոյության միակ ճանապարհը, քանի որ նույն Ռուսաստանը խոչընդոտում է աբխազական երկաթուղու վերականգնմանը՝ ամեն ինչ բացատրելով իբր վրացական գործոնով: Իրականում ոչ մի վրացական գործոն գոյություն չունի, որովհետև Վրաստանին նույնպես անհրաժեշտ է այդ երկաթուղին՝ դեպի Եվրոպա իր ելքերն ապահովելու և Ռուսաստանի միջոցով դեպի Ուկրաինա ու Բելառուս հասնելու համար: Իհարկե, Վրաստանը որոշակի պահանջներ ու խնդիրներ ունի, սակայն աբխազական երկաթուղին նրա համար առաջին հերթին քաղաքական խաղաթուղթ է, ինչից երբեք չի ուզենա հրաժարվել պաշտոնական Թբիլիսին: Ուրեմն, հենց Ռուսաստանն է մեկուսացնում Հայաստանը՝ այսպես նաև խոչընդոտելով նրա ինքնուրույնությանը և տնտեսական նոր հեռանկարների ձևավորմանը: Մեզ մնում է Իրան-Հայաստան կապը, որն էլ, ինչպես տեսնում ենք, ռուս պաշտոնյան համարում է անհեռանկար: Սա հազիվ թե Յակունինի կարծիքը լինի: Ամեն ինչ թելադրվում է Կրեմլից և Պուտինի կողմից: Իրան-Արևմուտք հարաբերությունների ջերմացման խորապատկերին Ռուսաստանին ձեռնտու չէ Թեհրանի առաջխաղացումը, Հայաստան-Իրան կապը, ինչը կմեծացնի Թեհրանի տեսակարար կշիռը տարածաշրջանում և կձևավորի մի նոր բևեռ: Այդ բևեռն, իհարկե, Հայաստանի շահերից է բխում, սակայն ոչ երբեք Ռուսաստանի, որը հիմա մի նոր ալյանս է ձևավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ և կամենում է սեփական խնդիրները լուծել Հայաստանի շահերի ոչնչացմամբ:
Ու մենք դարձյալ լռում ենք, պապանձվում՝ չհասկանալով, որ Հայաստանն ամբողջապես հայտնվել է անօդ տարածության մեջ, չի կարողանում օգտագործել իրեն տրված հնարավորությունները, Արևմուտքի աջակցությունը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/661234223981039
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել