Դեռ տարվա սկզբին, երբ Վրաստանի ֆինանսական համակարգում ճգնաժամ էր հասունանում, նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլին այդ հարցում և մասնավորապես ազգային արժույթի արժեզրկման հիմնական մեղավոր հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Գ.Քադագիձեին, ով այդ ժամանակ ամեն կերպ արդարանում էր, որ իրավիճակը պայմանավորված էր արտաքին գործոններով, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով, որից անմասն չէր կարող մնալ նաև վրացական ֆինանսական շուկան: Իվանիշվիլին այդ ժամանակ նաև գովաբանել էր ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ իրականացված արդյունավետ միջոցառումները՝ դրական որակելով հայ պաշտոնյաների՝ դրամի արժեզրկումը կասեցնելու գործընթացում արձանագրած արդյունքները:
Խնդիրն այն է, սակայն, որ Վրաստանում մինչ օրս շարունակվում է լարիի արժեզրկումը, իսկ ԿԲ և մյուս պատասխանատուները, կարծես, ի վիճակի չեն կանխարգելելու այն:
Դրան զուգահեռ նոր սկանդալ է հասունանում մեր հարևան երկրում՝ կրկին ԿԲ նախագահի գործունեության հետ կապված:
Այս անգամ Բ.Իվանիշվիլին հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Միջազգային արժութային հիմնադրամի ներկայացուցիչը դեռ 2012թ.-ին անձամբ դիմել է իրեն՝ Քադագիձեին չձերբակալելու և պատասխանատվության չենթարկելու խնդրանքով, ինչին ի պատասխան Իվանիշվիլին բացասական է արտահայտվել:
Բանն այն է, որ դատախազությունը ԿԲ նախագահին պատրաստվում է հարցաքննել: Իվանիշվիլիի խոսքով՝ ինքը կարող է անձնական, իրեն վերաբերող մասով աչք փակել Քադագիձեի «գործած մեղքերի» վրա (խոսքը վերաբերում է Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկի դեմ Սաակաշվիլիի իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումներին, իսկ Քադագիձեն այդ ժամանակ՝ դեռևս 2009թ.-ից, ԿԲ նախագահ էր), սակայն չի կարող արգելակել կամ խոչընդոտել վերջինի կողմից պետությանը կամ ժողովրդին հասցված վնասների համար պատասխանատվության ենթարկելու՝ իրավապահների որոշմանը:
ԿԲ նախագահն, իր հերթին, անընդունելի է համարել Իվանիշվիլիի նման գործելաոճը՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունը կարող է մեծապես վնասել Վրաստանի հեղինակությանը, տնտեսությանը, ինչպես նաև Վրաստանի՝ ՄԱՀ հետ համագործակցության ընդհանուր մթնոլորտին: Նա նաև կոչ է արել դադարեցնել իր և ԿԲ նկատմամբ իրականացվող «հարձակումները»՝ պարզաբանելով, որ դա, իր կարծիքով, արվում է երկրում տիրող տնտեսական անբարենպաստ իրավիճակից մարդկանց ուշադրությունը շեղելու համար: