Մի քանի օր առաջ Վրաստանի Զուգդիդիի շրջանում ցույց էին կազմակերպել նախկին նախագահ Սաակաշվիլիի կողմնակիցները: Նրանք պահանջել են, որ վերջինս վերադառնա Վրաստան և «փրկի իրենց երկիրը կործանումից»: Ինչ վերաբերում է նախկին պաշտոնյային, ապա նա մշտապես հայտարարել է, որ վերադառնալու է Վրաստան, և այդ օրը հեռու չէ: Սակայն, ինչպես արդեն պարզ է դառնում, Սաակաշվիլին, հակառակ խոստմանը, դեռ երկար ժամանակ չի պատրաստվում հեռանալ Ուկրաինայից: Ամենայն հավանականությամբ, նա կնշանակվի Օդեսայի նահանգապետ: Այդ մասին պարզ կդառնա կարճ ժամանակ անց:
Տվյալ պաշտոնում Սաակաշվիլիի նշանակումը, սակայն, նոր խնդիրներ կարող է առաջացնել: Մասնավորապես՝ Մոսկվայի կողմից այդքան չսիրված վրացի այդ պաշտոնյայի առաջխաղացումը կարող է շատ թանկ նստել Ուկրաինայի համար. Կիևը կարող է ավելի բորբոքել ռուսներին:
Գաղտնիք չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տանել չի կարողանում Սաակաշվիլիին, վերջինիս «սերը» Պուտինի հանդեպ ևս փոխադարձ է: Ստացվում է՝ այս երկու անհատականությունների անձնական հարաբերությունները մեծ դեր կարող են խաղալ ռուս-ուկրաինական հարաբերությունների վրա, իհարկե՝ բացասական հետևանքներով:
Ում կարող է այս ամենը ձեռնտու լինել, թերևս կարելի է ենթադրել, բայց որ ուկրաինացիներին դեռ «պայծառ» օրեր են սպասվում, արդեն բացառելի չէ:
Հ.Գ. Զարգացումների ներկա ընթացքը հուշում է, որ Սաակաշվիլիին որոշ ժամանակ անց կարող է զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը: Այդ ժամանակ արդեն հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: