Haynews.am-ը գրում է.
Մոսկվայի քաղաքային դատարանը երկուշաբթի օրինական է ճանաչել մինչև հուլիսի 15-ը «Բաշնեֆթ» նավթային ընկերության գործով անցնող հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը, հաղորդում է ТАСС-ը:
Դատարանն իր որոշմամբ մերժել է պաշտպանության բողոքը, որը խնդրում էր ազատ արձակել Հայրապետյանին գրավի և ներկա լինելու մասին պարտավորության դիմաց՝ դա պատճառաբանելով պաշտպանյալի վատ ինքնազգացողությամբ և բժշկի վերահսկողության տակ մշտապես գտնվելու անհրաժեշտությամբ: Ինքը՝ Հայրապետյանը, չի մասնակցել նիստին «առողջության կտրուկ վատանալու» պատճառով:
Քննիչը Ռուսաստանի պատժի կրման դաշնային ծառայությունից տեղեկանք է ներկայացրել այն մասին, որ Հայրապետյանը խախտում է տնային կալանքի պայմանները՝ գործով անցնող մեկ այլ անձի՝ ԱՄՆ քաղաքացի Սեմ Քիսլինի հետ իր դիրքորոշումները համաձայնեցնելով: Միևնույն ժամանակ քննիչը հրաժարվել է խնդրագիր ներկայացնել Հայրապետյանին բանտ տեղափոխելու համար:
«Խափանման միջոցը խստացնելու մասին կարող է խնդրել Պատժի կրման դաշնային ծառայությունը, քննությունն այս փուլում դա չի անի»,- ասել է քննիչը:
Իր հերթին պաշտպանը հիշեցրել է դատարանին, որ Հայրապետյանի նկատմամբ «Իզմեստևի գործով» հետաքննությունն ավարտվել է, այդ պատճառով նա չի կարողանա խոչընդոտել ապացույցներ հավաքելուն: «Հայրապետյանը տառապում է շաքարային դիաբետով, նրան օպերատիվ բուժում է հարկավոր, և նա չունի քննությունից թաքնվելու հնարավորություն»,- ասել է փաստաբանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ դադարեցվել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործի նախաքննությունը:
«Այսօր Հայրապետյանին տեղեկացվել է Բաշկիրիայի նախկին սենատոր, «Բաշնեֆթի» նախկին ինժեներ Իգոր Իզմեստևի նկատմամբ խարդախության հարցով քրեական գործի նախաքննության ավարտի մասին», - ասել է Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Լևոն Հայրապետյանը մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆթ»-ի վաճառքին ներգրավվածության համար: Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեֆթ»-ը վերադարձվել է պետությանը:
Լևոն Հայրապետյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել:
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1432557600
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել