Մեր բանակն աստիճանաբար նմանվում է աշխարհի քաղաքակիրթ բանակներին, սկսում է հոգ տանել ոչ միայն ժամկետային և պայմանագրային զինծառայողների, այլև նրանց մասին, ովքեր ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում հետայսու իրենց բուժումն իրականացնելու են օտարերկրյա պետությունում: Իհարկե, շնորհակալություն պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ օրենսդրական այս նախաձեռնության համար: Բայց միշտ չէ, որ պատգամավորների նախաձեռնություններն արժանանում են Կառավարության և Պաշտպանության նախարարության հավանությանը: Այս դեպքում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարի կամք է դրսևորել, հոգ է տարել նաև նրանց մասին, ովքեր հիվանդացել են բանակում, վնասվածքներ են ստացել: Սա մարդասիրության, բանակին ծառայություն մատուցած մարդու հանդեպ ուշադրության արտահայտություն է:
Ուզում եմ ՊՆ Սեյրան Օհանյանի և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այս նախաձեռնությանը մի կոչ ավելացնել՝ հուսալով, որ մեծահարուստները, որոնց հարստության ու բիզնեսի պահպանման երաշխավորը բանակն է, բանակի հաստատած խաղաղությունն է՝ կստեղծեն ազգային բանակում վիրավորված և հիվանդություն ձեռք բերած զինծառայողների աջակցության հիմնադրամ: Պետությունը որքան էլ բարի կամք դրսևորի, այնուհանդերձ, չունի ահռելի ֆինանսական միջոցներ, մինչդեռ մեծահարուստ անձերը կարող են փոքր-ինչ թեթևացնել ինչպես պետության, այնպես էլ պաշտպանության նախարարության հոգսերը:
Վստահ եմ, որ կոչս կընկալվի ըմբռնողաբար, և աջակիցների թիվը կմեծանա: Դա կլինի առավել շոշափելի աջակցություն, քան տարբեր բարեգործություններ, որոնք երբեմն դառնում են ինքնանպատակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/653724408065354?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել