Եվգենի Բիբին անունով ռուս պաշտոնյան, 2011թ.-ից նշանակվելով ՀԷՑ գլխավոր տնօրեն, ոչ միայն հասցրել է աչքի ընկնել իր սկանդալային կառավարմամբ, այլ նաև գումարների վատնումով, որն ի վերջո հասցրել է սակագնի բարձրացման անհասկանալի պահանջի:
Հիշում ենք, որ երկու տարի առաջ երբ վերջինս ՀԷՑ-ում փորձեց կրճատումներ իրականացնել, վրդովված աշխատակիցներն ինչ հետաքրքիր փաստեր պատմեցին, որը հրապարակվել է այդ ժամանակվա մամուլում:
Աշխատակիցները պատմում էին, որ նույն Բիբինը և ՀԷՑ-ի մի խումբ ռուս ղեկավարներ, ինչպես նաև նրանց սպասարկող անվտանգության աշխատողներն աստղաբաշխական գումարներ են ստանում: Մասնավորապես` Եվգենի Բիբինի աշխատավարձը մի քանի միլիոն դրամ է: Ավելին՝ եռամսյակը մեկ Բիբինն ինքն իրեն 40 միլիոն դրամի չափով պարգևատրում է անում: Իսկ ընկերության բարձր պաշտոնյաների աշխատավարձերը տասնյակ հազար դոլարների է հասնում:
Ե.Բիբինը, ըստ ՀԷՑ-ի աշխատակիցների պատմածների, պաշտոնավարման առաջին տարին ապրել է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, որտեղ ամսական 5-6 հազար դոլար վարձ է վճարել: Հետո էլ հսկայական շքեղ բնակարան է վարձել Տերյան-Իսահակյան փողոցում գտնվող նորակառույց շենքում:
Գործի բերմամբ, թե քմահաճության բերումով, Բիբինն ամիսը մի քանի անգամ ՌԴ է մեկնել ու թե՛ «Զվարթնոց», թե՛ Մոսկվայի օդանավակայաններ մուտք ու ելք է արել VIP սրահներով, ինչը, բնականաբար, թանկ հաճույք է...
Ինչպես ասում են` «ծուխն առանց կրակ չի լինում», և որ «վրդովված մարդն է անկեղծ ասում ճշմարտությունը»:
Հ.Գ. Ինչու է ներդրումների ծավալը նվազում, ինչու բաշխիչ համակարգի վիճակը չի լավանում, ինչու է սակագինը բարձրանում էլեկտրաէներգիա արտադրող երկրում, ինչու է մերկապարանոց կառավարման պատճառով բնակիչը հատուցում, ինչու են ռուս պաշտոնյայի «գլամուր կայֆավատները» որպես ծախս մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ...