Հայ ժողովրդի համար մայիս ամիսն առանձնահատուկ է, ինչպես ժողովուրդն է ասում՝ հաղթանակների ամիս է: Մայիսի 9-ը կրկնակի հաղթանակի օր է՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ և Շուշիի ազատագրում: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս երկու փառահեղ հաղթանակների օրվա կապակցությամբ: 2015 թվականը Հայրենական պատերազմի հաղթանակի 70-րդ խորհրդանշական տարին է, պատերազմի հաղթական ավարտին մեծ ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, և այն հայ ազգի հերթական հաղթանակներից է:
Բազում անգամներ մեզ վրա թշնամին հարձակվել է դավադրաբար, ու նրա ռազմական ներուժն այդ պահին գերազանցել էր մեր սպառազինությունները, սակայն դա մեզ չի կոտրել, այլ հակառակը` համախմբվում ենք և հասնում արդար հաղթանակի:
Պատմությունն ապացուցում է, որ այդպիսի պահին հայը դառնում է միասնական, դառնում է վճռական ու պատրաստ կյանքի ու մահի կռիվ տալ հանուն իր ազգային արժեքների պահպանման համար:
Շուշիի ազատագրումն Արցախյան պատերազմի շրջադարձային հաղթանակն էր, որը թերևս դարձավ այսօրվա անկախ Արցախի ստեղծման հիմքը: Իհարկե, սա հաղթանակ էր, որի համար հայ ժողովուրդը մեծ գին վճարեց, հազարավոր հայորդիների արյուն թափվեց հայրենական հողը պաշտպանելու և այն թշնամուն չզիջելու համար: Հանուն իր ընտանիքի, հանուն իր հայրենիքի, հանուն պապենական հողի հայը չվարանեց զենք վերցնել և սեփական արյամբ նվաճել հաղթանակը: Վստահ եմ՝ Շուշիում կերտվեց այն հաղթանակը, որը հայկական գենի մեջ էլ ավելի ամրապնդեց սեփականը պաշտպանելու և հանուն հայրենիքի և ազգի անգամ կյանքը վտանգելու գաղափարը: 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մեր երկրին խաղաղություն և անառիկ սահմաններ եմ մաղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել