Բաքվում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլին հերթական անգամ չի թաքցրել Ադրբեջանի և այդ երկրի ղեկավար Ի. Ալիևի նկատմամբ տածած սերն ու համակրանքը: Նշված զգացողությունները Սաակաշվիլիին ուղեկցել են Վրաստանում իր կառավարման ողջ ընթացքում, բայց ինչպես և սպասելի էր՝ դրանք չեն լքել նախկին նախագահին մինչ օրս:
Սաակաշվիլիի ուրախությունն այնքան մեծ է եղել Բաքու ժամանելու կապակցությամբ, որ վերջինս չի թաքցրել իր հուզմունքը և այդ ազդեցության ներքո մասնավորապես հայտարարել է, որ աշխարհաքաղաքական իրադրությունը Եվրոպայում փոխվում է, և Ադրբեջանն այսուհետ լուրջ դերակատարություն է ունենալու ինչպես Եվրոպայի, այնպես էլ ողջ Կենտրոնական Ասիայի համար: Վրաստանի նախկին նախագահը մասնավորեցրել է, որ Ադրբեջանը Եվրոպայի համար լուծում է ոչ միայն էներգետիկ, այլ նաև ռազմավարական և աշխարհաքաղաքական խնդիրներ:
Սաակաշվիլին նաև կոչ է արել Եվրոպային ավելի սերտ համագործակցել Ադրբեջանի հետ, ավելին, ըստ նրա՝ Ադրբեջանը շատ ավելի լիբերալ է, քան որոշ որոշ եվրոպական երկրներ:
Հ.Գ. Եթե դիտարկելու լինենք Սաակաշվիլիի այժմյան գործունեությունը, կարելի է հեշտորեն պատկերացնել, որ նա հանգիստ կարող էր աշխատել որպես Ադրբեջանի դեսպան Թուրքիայում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սաակաշվիլին միշտ հանդես է եկել որպես արդարության և ժողովրդավարության սկզբունքների ջատագով, և եթե նա գտնում է, որ Ադրբեջանը կամ Թուրքիան նշվածի խորհրդանիշներն են, ապա տվյալ պարբերության սկզբում արտահայտած միտքը տեղին է: