Դեռևս 2012 թվականին ՄԱԿ-ն առաջին անգամ ներկայացրեց քաղաքացիական հասարակություններում առկա դրական և բացասական տրամադրությունների վերաբերյալ առաջին զեկույցը:
Օրերս հրապարակվեց 2015թ.-ի վերաբերյալ տարեկան զեկույցը, որն իրականացվել է ՄԱԿ-ի հովանու ներքո, Կոլումբիայի համալսարանի գիտական կենտրոնում:
Նպատակն է միջազգային հանրության համար տեսանելի դարձնել երկրներից յուրաքանչյուրի ձեռքբերումներն ու բացթողումները, որոնց վրա հիմնվելով՝ կարելի է նշել, թե տվյալ երկրի քաղաքացին իրեն որքանով է ներդաշնակ և ինքնավստահ զգում այդ երկրի հասարակության մեջ:
Վարկանիշը կազմելիս մասնագետներն առաջնորդվել են մի շարք կետեր ուսումնասիրելով և դրանց վրա հիմնվելով՝ կյանքի տևողություն, քաղաքացիական հասարակության ազատություն, վաղվա օրվա հանդեպ ունեցած վստահություն, ամուսնալուծություններ ու մահվան ցուցանիշեր, աշխատանք ունենալու իրավունքներ և երաշխիքներ, կոռուպցիայի ցուցանիշեր, հասարակության անդամների՝ միմյանց հանդեպ ունեցած վստահություն:
Հրապարակված վերլուծության տվյալներով՝ Հայաստանն այս տարի զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը, իսկ դասակարգման աղյուսակում մեր հարևաները Ջիբութին և Բոստվանան են: Աղյուսակը բաղկացած է 158 երկրներից:
Այս համատեքստում ակնհայտ տարբերություններ կան հայաստանյան նմանատիպ վիճակագրական տվյալների և ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված թվերի միջև:
Նմանատիպ վիճակագրական վերլուծություներն ուսումնասիրելիս մեզ համար կարևոր է նաև մեր տարածաշրջանի երկրների ցուցանիշները: Մասնավորապես, Թուրքիան զբաղեցնում է 76-րդ, Ադրբեջանը՝ 80 –րդ, Իրանը՝ 110-րդ, Վրաստանը՝ 130-րդ հորիզոնականները:
Այս առումով անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել և իրականացնել անհրաժեշտ գործողություններ, որպեսզի մեր երկրի ցուցանիշները նմանատիպ միջազգային վարկանշային աղյուսակներում ընդունելի հորիզոնականներում հայտնվեն:
Մեր երկրի միջազգային քաղաքականությունն իրականացնելիս և Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանն ուղղված գործընթացները կանոնակարգելիս անհրաժեշտ է նաև առաջնորդվել այսպիսի հեղինակավոր վերլուծություններով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/854194094650769?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել