Tert.am-ը գրում է.
ԱԺ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով հաշվետվության ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկուցող Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչն է փոխվել, որ Այվազյանը 2014 թ-ի միջանկյալ զեկույցում նշում էր, որ պետք է հիմնավորվի «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների թիվը 100-ով ավելացնելն ու 109 հազար դրամով նրանց աշխատավարձերը բարձրացնելը, մինչդեռ հիմա ասում է, որ ինչքան աշխատավարձ ուզեն կտան:
Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, որ ընկերությունում նկարներ, բույսեր կան և դրանց արժեքը գազի սակագնի մեջ է ներառված. «Նախորդ զեկույցում կար, որ ընկերությունում նկարներ, բույսեր կան և դրանց արժեքը գազի սակագնի մեջ է ներառված։ Այստեղ խնդիրն այն չէ, որ չի կարող ընկերությունը բույս կամ նկար առնել, սակայն կարող է ձեռնարկություն կա, որ Վան Գոգի կամ Պիկասոյի նկար է գնել, բայց դա չի նշանակում, որ սպառողը դրա համար պետք է վճարի կամ դեկորատիվ բույսերի համար, որոնք ահռելի գումարներ արժեն»:
Վարդան Այվազյանի խոսքով՝ աշխատողների թվաքանակի բարձրացման հիմնական խնդիրը գազամատակարարման սուբյեկտների կամ սպառողների թվաքանակի ավելացումով է պայմանավորված։ Ըստ նրա՝ որևէ լծակ չունեն միջամտելու աշխատավարձերի հետ կապված։
Ինչ վերաբերվում է ձեռնարկության նկարներին կամ բույսերին, Այվազյանը նշեց, որ հստակեցված չէ այն հանգամանքը, որ բուսերի ու նկարների արժեքը ներառված է գազի սակագնի մեջ։
Ընդմիջումից հետո Այվազյանը հայտարարեց, թե ուսումնասիրել է Փաշինյանի հարցը և պարզել, որ իսկապես նման գնումներ սպառողների հաշվին եղել են: «Այո՛, ճիշտ էիք պարոն Փաշինյան, գնվել են բույսեր, որոնք մտած են սակագնի մեջ և որոնց արժեքը կազմում է 1,5 մլն դրամ, իսկ ամբողջ «Գազպրոմի» շրջանառությունը 300 մլրդ դրամ է, այսինքն՝ 0,00005%: Սա միակ դեպքն է, և ուզում էինք ցույց տալ, թե ինչ մանրակրկիտ ենք ուսումնասիրել»,-ասաց նա:



