sadasdasdasdasf1in.am-ը գրում է․

Թեև անցած տարի համապատասխան ծառայության կողմից իրականացված փորձաքննությունները փաստեցին, որ Բրազիլիայից ներկրված հավերի մի քանի տեսակներ իրենց մեջ առողջության համար վտանգավոր բաղադրիչներ են պարունակում, մասնավորապես` այդ հավերը հարստացված էին տղամարդկանց հորմոններով, եւ ձևականորեն որոշակի խմբաքանակ հավաքվեց շուկայից, սակայն այսօր էլ մի շարք խանութներում, հատկապես՝ ԱԺ ՀՀԿ-ական գործարար- պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում, վաճառվում են այդ ներկրված հավերը:

Հիշեցնենք, որ նշված լաբորատոր փորձաքննությունը կատարվել էր գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Հայաստան ներկրվող 7 անուն սառեցված հավի, հավի քառորդի եւ ազդրամսի մասով, որի արդյունքում պարզվել էր, որ «Սադիա» տեսակի սառեցված հավերը եւ սառեցված ճտերը, ինչպես նաև «Ֆրանգոսուլ» ապրանքանիշով հավերը տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն են պարունակում: Բացի դրանից` լաբորատոր փորձաքննության ժամանակ թռչնամսում հյատնաբերվել էր նաև աճի խթանիչ հորմոն: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փորձաքննությունների հիման վրա նշված տեսակի ներկրված հավերը համարվեցին վտանգավոր սննդատեսակ, և ինչպես արդեն նշեցինք, որոշակի խմբաքանակ այդ ժամանակ հեռացվեց շուկայից: Բայց կարճ ժամանակ անց այդ հավերի ներկրումը կրկին վերականգնվեց, ու շուկան համալրվեց նոր խմբաքանակով:

Այսօր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեցինք՝ վերջին շրջանում նշված հավերը լաբորատոր փորձաքննության առարկա դարձե՞լ են, թե՞ ոչ: Ծառայության խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ, սովորաբար, մսամթերքը կամ այլ սննդատեսակներ լաբորատոր ուսումնասիրության առարկա դառնում են կոնկրետ բողոքների հիման վրա և դեպքում, և եթե նախկին խմբաքանակներում հայտնաբերվել են առողջության համար ոչ պիտանի բաղադրիչներ, ապա դա չի նշանակում, որ ներկայիս խմբաքանակում ևս դրանք կան: Սակայն ամեն դեպքում մեզ խոստացան լրացուցիչ ճշտել, թե ներկրված թռչնամսի, հատկապես` նշված երկու տեսակի մասով երբ է վերջին անգամ հետազոտություն իրականացվել և ինչ է արձանագրվել:

Ներկրված սառեցված թռչնամսի որակի, լաբորատոր փորձաքննությունների վերաբերյալ հետաքրքրվեցինք նաև «Ստանդարտ Դիալոգ» ընկերությունից, որը ևս նման փորձաքննություններ է իրականացնում: Սովորաբար, նրանց դիմում են ներկրող ընկերությունները` պարզելու համար ներկրված ապրանքատեսակում առողջության համար վնասակար նյութերի առկայությունը: Ընկերությունից մեզ ասացին, որ թռչնամսի փորձաքննությունների համար դիմող ընկերություններ եղել են, սակայն իրենք չեն կարող հրապարակել դրանց անվանումները` անվանական տվյալներ չեն տրամադրում:

Նշենք, որ տղամարդու և տարատեսակ այլ հորմոններով, ինչպես նաև խթանիչներով հարստացված թռչնամիս կամ այլ սննդատեսակ ընդունելուց հետո մարդն անմիջապես իրեն վատ չի զգում, ախտանշանները միանգամից նկատելի չեն: Դրանք աստիճանաբար են ազդում մարդու առողջության, հորմոնալ համակարգի վրա: Հետևաբար, մարդը չի կարող հավն ուտելուց հետո դիմել սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կամ այլ պատկան մարմիններ, որպեսզի նրանք հետևողական լինեն, համապատասխան փորձաքննութուններ իրականացնեն և շուկան մաքրեն այդ հավերից:

Իսկ այդ սառեցված հավերը համապատասխան ծառայությունների կողմից ինքնակամ ուսումնասիրության առարկա չեն դարձվում «հասկանալի» պատճառներով. այդ սառեցված հավերը Բրազիլիայից ներկրում է Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինը՝ Մհեր Ղարիբյանը, և դրանք վաճառվում են Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել