Tert.am-ը գրում է.
Թուրքական իշխանությունների հին մեթոդներից է, որ տարբեր ժամանակներում, հատկապես ապրիլի 24-ին նախորդող օրերին ստիպում է հայ համայնքի որոշակի ներկայացուցիչներին հանդես գալու հայտարարություններով, որոնք չեն համընկնում հայության տեսակետների հետ:
Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հայտարարությանը, թե «մենք Թուրքիայից փոխհատուցում չենք ուզում»:
«Նախկինում նման սկանդալային հայտարարություններ է արել նաև Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը, հիմա Շիրինօղլուն է ստանձնել այդ դերը: Պետք է դիտարկել, որ Շիրինօղլուն չի ներկայացնում ընդհանուր հայ համայնքին, չնայած որ ինքը ներկայանում է որպես հայ համայնքի աշխարհիկ լիդեր, ուղղակի նա հայ համայնքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկն է, իսկ դա չի նշանակում, որ հայ համայնքի առաջնորդն է»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ համայնքում արդեն կան բավական լուրջ դժգոհություններ, որ Շիրինօղլուն իրավունք չունի խոսելու հայ համայնքի անունից:
Ըստ նրա, եթե Շիրինօղլուն ասում է՝ մենք պահանջներ չունենք, պետք է ենթադրել, որ «մենքը» հայ համայնքի օլիգարխիան և իշխանամետ մի փոքր հատվածին ներկայացնող շրջանակն է, ոչ ավելին:
«Ստամբուլի հայ համայնքը և դրա մի փոքր հատվածը ներկայացնող Շիրինօղլուն այլ բան է, ընդհանուր հայության նպատակները և պահանջները՝ լիովին այլ են: Չի կարող Շիրինօղլուն իր փոքր խմբակի շահերը գերադաս համարել ընդհանուր հայության շահերից»,-նկատեց թուրքագետը:
Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ այս հայտարարությունն ավելի շատ ուղղված է արևմտյան կամ միջազգային շրջանակներին, և թուրքական իշխանություններին ուղղակի հենման կետ է պետք, որպեսզի աշխարհին ցույց տան, որ հայությունը միատարր չէ, և կան խմբեր, որոնք որևէ պահանջ չեն ներկայացնում Թուրքիային, և ընդհակառակը՝ գոհ են իրենց վիճակից:



