Schiff-c11in.am-ը գրում է.

Asbarez պարբերականը հրապարակել է ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի՝ «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը 100 տարի անց» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև:

100 տարի առաջ մեռած տեղաշարժում հայտնված Օսմանյան կայսրությունը ձեռնարկեց հայ և ասորի ժողովրդի ոչնչացման համակարգված ջանք։ Նրանք դա իրականացրին զանգվածային սպանությունների և տեղահանությունների արշավի միջոցով, ինչի հետևանքով սպանվեցին 1.5 մլն հայեր, միլիոնավորները ստիպված եղան լքել իրենց պատմական տները։

Այդ ժամանակ չկար բառ՝ նկարագրելու մի ողջ ժողովրդի ոչնչացնելու ջանքը, չնայած տարածաշրջանում ամերիկացի պաշտոնյաները դժվարություն չունեին իրենց տեսած սարսափները նկարագրելու հարցում։ Օսմանյան կայսրությունւմ ամերիկացի դեսպան Հենրի Մորգենթաուն ասել էր. «Վստահ եմ, որ մարդկային ցեղի ողջ պատմությունը սրա նման սոսկալի դրվագ չի պարունակում։ Անցյալի մեծ կոտորածներն ու հալածանքները թվում են անկարևոր՝ 1915-ին հայ ազգի տառապանքների հետ համեմատած»։

Մինչ 1943 թվականը, երբ Ռաֆայել Լեմկինը հորինեց «ցեղասպանություն» բառը, բառ չկար՝ նկարագրելու հայերի դեմ իրականացված ցեղասպանության մեծությունը։ Ինչպես այդ ժամանակ ասել է Լեմկինը՝ նա մտքում ունեցել է օսմանյան տիրապետոթյան ներքո հայերի փորձությունը, երբ հորինել է բառը, որը սարսափելիորեն բազմիցս անհրաժեշտ է եղել 20-րդ դարում՝ նկարագրելու Հոլոքոստը, Կամբոջայի ցեղասպանությունը, Ռուանդայի ցեղասպանությունը և այլն։

Հայ ժողովրդին ոչնչացնելու թուրքերի ջանքը ձախողվեց, ինչի մասին վկայում են Հայաստանի հպարտ ազգն ու ԱՄՆ-ում և ողջ աշխարհում հայկական սփյուռքի միլիոնավոր անդամները։ Հազիվ թե գտնվի մի տնտեսություն, որը չկրի կոտորածում կորցրած ընտանիքի անդամների հիշատակը։ Նույնիկ այսօր դեռ մնում են մի բուռ վերապրածներ, ովքեր գոյատևել են ցեղասպանության սարսափների միջով՝ նոր կյանք ստեղծելու իրենց համար։ Երբ այդ վերապրածները դեռ մեր թվում են, մեծ պարտականություն եմ զգում՝ պայքարելու Ցեղասպանության ժխտողականության դեմ, որը, ցավոք, մնում է թուրքական կառավարության քաղաքականությունը։

Ցեղասպանության 100-րդ տարելիցը նաև ժամանակ է՝ վերհիշելու ամերիկյան պատմության մեջ կարեկցանքի և աջակցության ամենաառատաձեռն արտահայտումները։ Իմանալով մարդասիրական ճգնաժամի ծավալների մասին՝ Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամը ձևավորվեց՝ որպեսզի օգնություն տրամադրի։ 5 մլն դոլար հավաքելու սկզբնական նպատակից հիմնադրամը հասավ ավելի քան 100 մլն կամ այսօրվա դրությամբ՝ 1.7 մլրդ դոլարի ներգրավման։

Հիմնադրամի աշխատանքը Ցեղասպանության միլիոնավոր զոհերի կյանքեր փրկեց, ներառյալ՝ ավելի քան 130 հազար որբերի։ Մոտ 1000 ամերիկացիներ արտերկիր ուղևորվեցին՝ որբանոցներ, մասնագիտական դպրոցներ ու սննդի բաժանման կենտրոններ կառուցելու համար։ Հիմնադրամի հաջողությունը հիմնված էր շարքային ամերիկացիների առատաձեռնության վրա, ովքեր իմացել էին հայ ժողովրդի և հազարավոր մղոններ հեռու այլ ցեղասպանությունների զոհերի վիճակի մասին և շտապել ներդրում կատարելու։

Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամը նախորդում է անթիվ ոչկառավարական մարդասիրական կազմակերպությունների և շարունակում է աշխատանքը մինչ օրս։

Անցած ամիս ես և իմ ավելի քան 40 գործընկերներ ներկայացրինք Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը, բանաձև, որը ճանաչում է 1915-23 թթ. տեղի ունեցած ցեղասպանությունը։ Բանաձևը նաև կոչ է անում նախագահին՝ աշխատել թուրքական և հայկական կառավարությունների հետ՝ հասնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստի լիարժեք ճանաչման վրա հիմնված հաշտեցման։ Այս բանաձևում պարզ ու հասկանալի ձևով շարադրված են Ցեղասպանության պատմական փաստերը և թուրքական կառավարության կողմից Ցեղասպանության ժխտմամբ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հնարավորություներին խոչընդոտելու աստիճանը։

Ցավոք սրտի, այսօր Սիրիայի նույն հողերի վրա, որոնք եղել են հարյուր հազարավոր հայերի սպանության վայրեր, ԴԱԻՇ-ը սպառնում է բնաջնջել կրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին։ Ցեղասպանությունը ճանաչելով՝ նախագահն ու Կոնգրեսը կհայտարարեն, որ մեր կառավարությունը չի մոռանա զոհերին և երբեք չի լռի՝ ի դեմս մարդկության դեմ հանցագործությունների։

Էլի Վիզելը մի անգամ գրել է, որ Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին գլուխն է։ Այս առումով Հայոց ցեղասպաությունը շարունակում է տրավմայի ենթարկել իր զոհերին նույնիսկ 100 տարի անց։ Ամերիկան պետք է իր դերը խաղա՝ օգնելու փակել այդ դեռևս բաց վերքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել