"Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված չեն այդ բարեփոխումների իրականացմամբ, որովհետև դրանք վտանգելու են նրանց քաղաքական և տնտեսական մենաշնորհները", իրավացիորեն պնդում է Վարդան Օսկանյանը, չնշելով, թե ինչ է հասկանում բարեփոխում ասելով…
Ինչպես որ մեր ժողովրդի երևացող քաղաքական, մտավորական, համարվող ողջ ընտրանին, ահա դուք ևս, հարգելի պարոն Օսկանյան, ձեր գրվածքում, չնայած որ իրավացիորեն խոսում եք “այս ճահճից, նույնիսկ՝ հետընթացից դուրս գալու համար անխուսափելի խորքային բարեփոխումների իրականացման” անհրաժեշտության մասին, սակայն մյուսների նմանությամբ դուք ևս, չբացահայտելով, թե ինչ ի նկատի ունեք “խորքային բարեփոխումներ” ասելով, դրանց իրականացումը տեսնում եք լոկ անձերի փոփոխության մեջ, քանզի միանգամից մատնացույց եք անում մեղավորներին, ասելով “այն մարդիկ, որոնցից է միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված չեն այդ բարեփոխումների իրականացմամբ, որովհետև դրանք վտանգելու են նրանց քաղաքական և տնտեսական մենաշնորհները”:
Լավ, այս քսան տարիների ընթացքում որևէ մեկի մոտ հարց չի առաջանում այն մասին, թե գուցե գոյություն ունեցող արատավոր երևույթների, տարիներ շարունակ անընդհատ խորացող և չշտկվող այլանդակությունների, վերջապես մեր այս աղետալի վիճակի բուն պատճառներն առանձին անհատներից, գործընթացներն իրականացնողներից չեն կախված, գուցե դրանց լուծումները այնտեղ չեն փնտրվում որտեղ պետք է փնտրել, գուցե մեր կողմից որդեգրված և մարդու նյութական բարեկեցությունն ու ունեցվածքը, մարմնավոր բարգավաճումն ու կարիքների բավարարումը որպես գերագույն նպատակ հայտարարված արժեքային համակարգն է այս ամենի պատճառը, գուցե ինքն է հենց “հրեշներ ծնող”, գուցե մեր ընտրած ուղին է սխալ, գուցե ամեն ինչի, լինի դա մեր ընդերքի, հատնող բոլոր ռեսուրսների, կենդանական ու բուսական աշխարհների անխնա օգտագործման, ոչնչացման, տարեցտարի ավելացող պարտքերի գնով մարդու համար գերագույն նպատակ հայտարարված, և Ձեր կողմից նշված “բարեկեցիկ, արժանավայել” ու բարգավաճ կյանքով ապրելուն հասնելը կարող է կործանարար լինել մեզ համար, կամ գուցե դա չէ կարևորագույնը Հայ մարդու համար, գուցե ավելի բարձր գերակայություններ ու արժեքներ գոյություն ունեն, գուցե շռայլելու փոխարեն խնայել է պետք, վատնելու փոխարեն` պահպանել, ոտքերը ունեցած վերմակի չափով երկարել է պետք, “ենթակառուցվածքների զարգացման” կամ նման, ըստ Ձեզ չափազանց կարևոր /իմ կարծիքով անհեթեթ և այսօր մեզ համար երրորդային նշանակություն անգամ չունեցող` օդանավակայանի համաշխարհային կարգի տերմինալ, հարավը հյուսիսին կապող “եվրոմայրուղի” և նման այլ ծրագրերի իրականացման նպատակով, համաշխարհային առևտրային համակարգերին, այլևայլ փքուն անվանումներով տարատեսակ միջազգային կառույցներին ինտեգրվելու և վարկեր ու դրամաշնորհներ, պարտքեր շալակելու փոխարեն / որոնց իրական նպատակը, կարծես, ոչ թե մեզ օգնելն է, այլ ավելի ու ավելի իրենցից կախման մեջ դնելը, մեր երկիրը պարտքերի մեջ խրելն ու ավարելն է, ինչի վառ օրինակը Հունաստանն է և մոտ ապագայում, իհարկե, ոչ միայն նա/, գուցե հնարավորինս ինքնաբավ տնտեսություն է պետք կառուցել, գուցե նվազագույն ջանքերով, լինի դա զբոսաշրջության, ծառայությունների մատուցման, բանկային-վաշխառուական համակարգի զարգացման միջոցով երկիր պահելու և զարգանալու մարմաջը, պիտի փոխարինվի լուրջ կշռադատված ու չափված, անպայմանորեն արժեհամակարգային փոփոխություններ ենթադրող, անգամ կյանքի նկատմամբ ազգաբնակչության վերաբերմունքը վերանայելուն ուղղված, մարդկանց հոգեբանությունը փոխող մոտեցումներով ու ծրագրերով… Վստահ եմ, որ Դուք “անխուսափելի խորքային բարեփոխումների իրականացում” ասելով վերը շարադրվածը չէ, որ ի նկատի ունեք:
Անվերջ դրամաշնորհների և վարկերի միջոցով կառուցվող Ձեր երազած
“ԴՐԱԽՏԻՑ” ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, շատ հարգելի պարոն Օսկանյան: